Սեպտեմբերի 2-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքն ընդունվել է 2012 թվականին: Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված օրենսդրական կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ անվտանգության սկզբունքների, նշված ոլորտներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և պարտականությունների, վտանգների և ռիսկերի գնահատման, համապատասխան օբյեկտների փակման և ռեկուլտիվացիայի, թափոնների և համապատասխան օբյեկտների կառավարման պլանների առկայության պահանջի հետ կապված: Առաջարկվող օրենսդրական լրացումների ու փոփոխությունների նպատակն է հստակեցնել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները՝ ապահովել մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը:
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում ռոյալթիի վճարման անհրաժեշտությամբ: Արտադրական լցակույտերը որպես ընդերքօգտագործման թափոն որակելու պարագայում հնարավորություն է ընձեռվում, որ այդ թափոնները օգտագործվեն և՛ որպես տեխնածին հանքավայրեր, և՛ որպես թափոնի վերամշակում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է, որպեսզի մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում վճարվի ռոյալթի: