Օգոստոսի 19-ին Վայոց Ձորի մարզում տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը։ Ամուլսարը Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումային ծրագիրն է, որի կապիտալ ծախսերը կկազմեն 370 միլիոն դոլար։ Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ։ Արդյունահանման 10 տարիների ընթացքում ի դեմս ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Լիդիան Արմենիայի», կապահովի 700 աշխատատեղ:
Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի շինարարության մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին «Լիդիան Ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջին իսկ օրվանից լիովին աջակցել է Ամուլսարի ծրագրի իրականացմանը.
-Վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար:
«Մենք չունենք գազ, չունենք նավթ, ունենք այլ օգտակար հանածոներով հարուստ ընդերք, որի խելացի և արդյունավետ օգտագործումը հսկայական ռեզերվ և ռեսուրս է և′ մեր բյուջեի, և′ մեր երկրի զարգացման համար»,- ընդգծել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը ծրագրի շինարարության մեկնարկին վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ ցույց տալու, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և օգտակար շրջակա համայնքների համար. «Մենք բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:
Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:
-Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում ենք իրականացրել միջազգային լավագույն չափանիշներին համահունչ: Իհարկե հանքարդյունաբերությունն ունի իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց մենք ցույց կտանք, որ հնարավոր է պատասխանատու հանքարդյունաբերող լինել,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: