Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.08.2016

Պարզաբանում <<Էներգաիմպեքս>> փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու վերաբերյալ

   Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում   իրականացվում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման տարբեր գործարքներ: 

   Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից, ինչպես նաև, Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից, որով հայտարարվել էր Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցք ստեղծելու մասին, ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել <<ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ>> փակ բաժնետիրական ընկերություն:

    Սա հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Ինչ վերաբերում է իրանական գազի ծավալների առաջիկա եռապատկմանը, ապա դա ուղղակի կապ ունի նաև Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման հետ, որի  կառուցումից հետո երկու երկրների միջև էլեկտրէներգիայի փոխանակումը ևս շեշտակի կավելանա:

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ունի էներգետիկ ոլորտում աշխատանքի փորձ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, և թե՛ Վրաստանի հետ, ինչը լուրջ առավելությունն է տարածաշրջանում, Հայաստան-Վրաստան  և Հայաստան- Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը զուգընթաց, Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը կթևակոխեն որակական նոր հարթություն:

    Ուստի ակնկալվում է, որ այս և նմանատիպ միջոցառումների շնորհիվ կմեծանա տարածաշրջանում ՀՀ էներգետիկ դերակատարությունը, բացի դրանից, ներքին և արտաքին շուկաներում լրացուցիչ էլեկտրաէներգիայի և գազի իրացումը կնպաստի պետական բյուջեի տնտեսական ցուցանիշների և հարկային մուտքերի ավելացմանը: