Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.07.2016

Քարքարում մեկնարկել են հորատման աշխատանքները

Մեկնարկել են Քարքարի երկրաջերմային կայանի կառուցման նպատակով իրականացվող հորատման աշխատանքները։ Կատարված երկրաբանական հետազոտությունների արդյունքների հաստատման դեպքում նախատեսվում է այստեղ կառուցել 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային կայան, որը կարտադրի տարեկան մինչեւ 250 մլն կՎտ էլեկտրաէներգիա։

Հորատման աշխատանքներն իրականացվում են Կլիմայի Ներդրումային Հիմնադրամի տրամադրած 9 մլն դոլար դրամաշնորհային միջոցներով և կառավարության շուրջ 2 մլն դոլար համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է երեք հորատանցքների փորում, որոնց խորությունը կհասնի 1,5 հազար մետրի։ Ստացված արդյունքների հիման վրա կտրվի տարածքի երկրաջերմային ռեսուրսի վերջնական գնահատականը։ Ըստ այդմ, կհայտարարվի միջազգային մրցույթ՝ կայանի կառուցման նատակով ներդրողներ գտնելու համար։ Առաջնայնությունը կտրվի նվազագույն սակագին առաջարկող մասնակցին։

Կայանի կառուցումը գնահատվում է շուրջ 100 մլն դոլար։ Որպես այդպիսին, այն էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգառեսուրս է, որը ճիշտ աշխատելու դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության երկարաժամկետ աղբյուր։

Հիշեցնենք, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարության կարևոր նպատակն է ավելացնել երկրի կախվածությունը մաքուր, երկրի ներսում արտադրվող վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից: Այդ նպատակի իրագործման հիմնական ուղղություններից մեկը երկրաջերմային էներգիան է:

Քարքարի տեղանքի երկրաջերմային ներուժն ուսումնասիրվում է սկսած 1932թ.։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղանքում առկա է երկրաջերմային արդյունավետ ռեսուրս։