Հայաստանում գործնականում հնարավոր չէ միջուկային կամ ռադիոակտիվ նյութ հափշտակել, կամ ապօրինի օգտագործել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը ասել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։ Ըստ նրա, Հայաստանը միացել է «Միջուկային զենքի չտարածման պայմանագրին», ինչպես նաև, այդ պայմանագրին կից՝ «Երաշխիքների կիրառման համաձայնագրին» և «Լրացուցիչ արձանագրությանը»:
-Մինչև այժմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից անցկացվել են շուրջ 200 տեսչական ստուգումներ, որոնք հավաստել են, որ Հայաստանն ամբողջովին կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները: Գործակալության տեսուչները Հայաստանում պարբերաբար իրականացնում են տեսչական ստուգումներ ինչպես ատոմակայանում, այնպես էլ` այլ օբյեկտներում: Բոլոր ստուգումների վերաբերյալ կազմվում են հաշվետվություններ: Ստուգումները բոլոր օբյեկտներում ցույց են տվել զրո շեղումներ,-ասել է Ա.Մարտիրոսյանը:
Խոսքը ոչ միայն միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, հաշվեկշռի, քանակության, գտնվելու վայրի, այլև տեխնոլոգիաների մասին է: Այսինքն` բոլոր հոդվածներով Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները: