Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.06.2016

ԱԺ-ն վավերացրեց էներգետիկ ոլորտի առողջացմանն ուղղված վարկային համաձայնագիրը

   ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ին կայացած նիստում վավերացրեց ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 30 մլն դոլար։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 14,5 տարին արտոնյալ ժամկետն է։

  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող  ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկը ուղղվելու է էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացմանը։ Գումարի շրջանակներում նախատեսվում է մարել պետական ընկերությունների, մասնավորապես` «Երևանի ՋԷԿ» և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ների առևտրային բանկերից ներգրավված բարձր տոկոսներով և կարճաժամկետ վարկերը։ Մասնակիորեն կմարվի նաև «Երևանի ՋԷԿ»-ի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած բնական գազի պարտքը։ Պարտքի կուտակումը պայմանավորված է «Երևանի ՋԷԿ»-ի կողմից «Նաիրիտ գործարանին» և «Վանաձոր Քիմպրոմին» տրամադրված փոխառություններով։ Գումարներն ուղղվել են նշված ընկերությունների ինչպես աշխատողների աշխատավարձերի վճարմանը, այնպես էլ պահպանման ծախսերի իրականացմանը։  

   Վարկի մարման աղբյուր կհանդիսանա տրամադրված փոխառությունների հետ վերադարձը։