Այս տարվա մայիսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 584 մլն. դրամ։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 667 հազար բաժանորդ։ Նրանցից շուրջ 643 հազարը եղել են բնակիչ-բաժանորդներ։ Նախորդ ամսվա համեմատ վերջիներիս թիվն ավելացել է 18 հազարով։ Մայիսին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 560 մլն. դրամը։
Անցած տաս ամիսներին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլրդ. դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ 5,8 մլրդ. դրամը, բնակիչ-բաժանորդներին։
Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։