Մինչև 2019թ. Հայաստանը կունենա գրեթե 100 տոկոսով վերազինված, միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձր մակարդակի բարձրավոլտ ցանց։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Իրականացվող միջոցառումների արդյունքում` հնարավորություն կընձեռնվի զուգահեռ աշխատել Վրաստանի էներգետիկ համակարգի հետ, դրա միջոցով դուրս գալ նաև Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ։ Այդ նպատակով, առաջիկայում Վրաստանի սահմանի վրա կառուցվելու է Հայաստանում առաջին հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։
Ըստ Ա. Գալստյանի, 2019 թվականից սկսած, գործելու է հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքը։ Այժմ քայլեր են արվում Վրաստանի հետ համակարգերի համատեղ աշխատանքը կարգավորող իրավական դաշտի ձևավորման համար։ Արդեն ստորագրվել է երկու համաձայնագիր։
-Կարծում եմ, մինչև տարեվերջ կստորագրենք նաև տարանցիկ փոխանակումների մասին համաձայնագիրը։ Դրանից հետո կսկսենք աշխատել տարածաշրջանային շուկայական հարաբերությունները կարգավորող դաշտի ձևավորման ուղղությամբ, որին կմասնակցեն նաև Իրանն ու Ռուսաստանը։
Հունիսի վերջին պլանավորված է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի մասնագետների մասնակցությամբ։ Նախատեսվում է սկսել աշխատանքները էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ երկու ամիս առաջ Երևանում հաստատված ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների իրականացման ուղղությամբ։