Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.05.2016

Նախատեսվում է նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառումը

Մշակվել է «Շենքերի էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը և դրանցում ապահովել ավելի բարձր նորմատիվային հարմարավետության պայմանները: Որոշման ընդունմամբ, միաժամանակ, կկարգավորվեն բնապահպանական մի շարք խնդիրներ. մասնավորապես՝ էականորեն կնվազեն վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

Որոշման նախագծով, որի ընդունմամբ ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, սահմանվում են մի շարք պահանջներ՝  ուղղված շենքերի և շինությունների էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդա­բանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնական նորոգվող շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի կառուցմանը, շենքերի և շինությունների էներգետիկ բնութագրերի համապատասխանության գնահատման համակարգի ներդրմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և տեսչական հաշվետվու­թյունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը:

Որոշման նախագիծը, որը բխում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև կառավարության էներգետիկ անվտանգության ապահովման քաղաքականությունից,  առաջիկայում կներկայացվի գործադիրի հաստատմանը։