Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.05.2016

Օրենսդրական փոփոխությունները թույլ կտան արևային էներգիայով բավարարել սեփական կարիքները

Ազգային ժողովը մայիսի 12-ի նիստում հավանություն տվեց էներգետիկայի, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին։

Օրենսդրական փոփոխությունները թույլ կտան ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական կարիքների համար տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա և ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցերին։ Այդ ամբողջ գործընթացն ազատված կլինի հարկերից։ Մինչև 150կՎտ դրվածքային հզորության սարքավորումների տեղադրման համար չի պահանջվի նաև լիցենզիա։

Իրականացված փոփոխություններով՝ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունն այսուհետ կհիմնվի նաև պարտադիր տեխնիկական պահանջների վրա` էներգատար համապատասխան ճյուղերում էներգախնայողություն և էներգաարդյունավետություն ապահովելու համար: Կառավարության որոշմամբ՝ տնտեսության ճյուղերը կդասակարգվեն ըստ էներգատարության, որպեսզի հետագայում պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում կիրառվեն էներգախնայողության և էներգաարդյունավետության համապատասխան պարտադիր տեխնիկական պահանջներ։  Մարդու կյանքին, շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի շուկայահանման պայմանները, այդ թվում՝ դրանց հետագա օգտահանումը, ներքին սպառման շուկայում կսահմանվեն կառավարության որոշմամբ:

Կատարված փոփոխությունների արդյունքում կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, որոնք զգալիորեն կթեթևացնեն գործող կայանների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից։ Այդպիսով կդիվերսիֆիկացվի Հայաստանի տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից, կբարձրանա երկրի էներգետիկ անկախության աստիճանը: