Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

11.05.2016

Ընտրվեց Ագարակ-2 Շինուհայր ենթակայանների վերակառուցման գլխավոր կապալառուն

      Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում չինական Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD  և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկության հետ ստորագրվել է պայմանագիր՝ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման համար։ Հայաստանի էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այս ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

Համաձայնագրի ստորագրման պահին ծրագրի աժեքը գնահատվել էր 23,4 մլն դոլար։ Խորհրդատուի և գլխավոր կապալառուի ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաջողվել է տնտեսել շուրջ 5,8 մլն դոլար։

     Համաշխարհային բանկի աջակցությամբ «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է նախորդ տարիների ընթացքում: Ենթակայանում փոխարինվել են առաջնային 220 կՎ լարման սարքավորումները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները հնացած են և չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջներին:

«Շինուհայր» ենթակայանը կառուցվել է 1961 թ.: Ենթակայանի դրվածքային հզորությունը՝ 271ՄՎԱ է: Ենթակայանը գտնվում է մայրաքաղաքից մոտ 235 կմ հեռավորության վրա:

     Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Ագարակ» փոխանջատիչ կայանի փոխարեն, պետք է կառուցվի «Ագարակ-2» 220/110/6կՎ ենթակայանը։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2018 թվականին:

     «Ագարակ-2» 220/110/6կՎ ենթակայանը կառուցվելու է Երևանից 385կմ հեռավորության վրա: Այն զբաղեցնելու է 3,813 հեկտար տարածություն և գտնվելու է «Շինուհայր» ենթակայանից 150կմ  հեռավորության վրա: 2002 թվականին այդ տարածքում կառուցվել է «Ագարակ» փոխանջատիչ կայանը:

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային փոխանակումները՝ Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև։

     Բացի այդ, ենթակայանների արդիականացումն ու վերակառուցումը կնպաստի էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, պայմաններ կստեղծի բարելավելու էներգետիկ համակարգի արդյունավետությունը, կաջակցի հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը, նվազագույնի կհասցնի էլեկտրահաղորդման կորուստները։