Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.04.2016

Տեղի ունեցավ հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երկրորդ նիստը

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների շրջանակներում ապրիլի 20-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ընկերության Համատեղ համակարգող հանձնախմբի երկրորդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի և «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովի համանախագահությամբ։ 

Ներկայացվեց Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքը, ատոմակայանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ճշգրտվեցին հետագա անելիքները։ 2016-2017թթ. աշխատանքների շրջանակներում պլանավորվում է մանրակրկիտ ուսումնասիրել ՀԱԷԿ-ի սարքավորումների վիճակը և կայանը նախապատրաստել ներդրումների իրականացմանը։

Համատեղ համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվեց արձանագրություն՝ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

Նիստից հետո հրավիրված բրիֆինգում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա.Գալստյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ մանրակրկիտ դիտարկվել են ծրագրերը՝ մի կողմից հաստատված ժամկետներից շեղումներ կամ ուշացումներ թույլ չտալու, մյուս կողմից՝ աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ հայտարարվող մրցույթներին տեղական մասնագիտացված կազմակերպություններին առավելագույնս ներգրավելու վերաբերյալ։ Ըստ Ա. Գալստյանի, «Ռոսատոմը» համաձայնել է օգնել հայկական ընկերություններին՝ ՌԴ-ում գրանցվելու հարցում, որպեսզի հետագայում կարողանան մասնակցել մրցույթներին։

Իր հերթին, «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Կոմարովը տեղեկացրեց, որ ժամկետների առումով բացառիկ այս նախագծի իրականացման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան, համահունչ այն խնդիրներին, որոնք առաջադրվել են երկու երկրների կառավարությունների կողմից: Արդեն ավարտվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կոնստրուկցիաների, բաղադրիչների  և համակարգերի համալիր զննության հիմնական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցել են մոտ 100 մասնագետներ, որոնց կողմից ուսումնասիրվել են կայանի ավելի քան 4.5 հազար միավոր սարքավորումներ: Մշակվել է սարքավորումների ներդրման 40 պլան-նախագիծ։

Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում՝ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ։ 2014թ մարտի 27-ին կառավարությունը հավանություն տվեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին: Այն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեց համաձայնագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման աջակցության և ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ։ ՌԴ կառավարության կողմից հատկացվեց 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ։

Նախատեսված է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացնել երկու փուլով. առաջին փուլը՝ համակարգերի, սարքերի և սարքավորումների  համալիր փորձաքննությունը, մեկնարկել է 2015թ. և ընթանում է համաձայն պլան ժամանակացույցի։ Երկրորդ փուլում կիրականացվի դրանց փոխարինում և արդիականացում։ Այդ ընթացքում միջոցներ կձեռնարկվեն նաև կայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ, որը շարունակական բնույթ է կրում։

Պլանավորված միջոցառումների արդյունքում ակնկալվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2027թ.։