-Այսօր չորս երկրների ներկայացուցիչները Երևանում նախապատրաստեցին և նախանշեցին այն անելիքներն ու փաստաթղթերը, որոնք պարտադիր պետք է մշակվեն մինչև 2019թ.՝ էներգետիկ միջանցքի գործարկումը։ Այդ իրավական նորմերը կկարգավորեն տարածաշրջանային մեր համագործակցությունն էլեկտրաէներգետիայի դաշտում։ Այսօր ստորագրված կարևորագույն փաստաթուղթն այն ճանապարհային քարտեզն էր, որում նախատեսված են իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը,-Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների ապրիլի 13-ի քառակողմ հանդիպումից և փաստաթղթերի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը։
Տարածաշրջանային համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել էլեկտրաէներգիայի ինչպես սեզոնային փոխհոսքերը, այնպես էլ էլեկտրաէներգետիկական ոլորտում առևտրային գործարքների սպասարկումը։
Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում, ըստ Ա.Գալստյանի, մինչև 2019թ. կունենանք էլեկտրահաղորդման գծեր, որոնց մի մասի կառուցումն արդեն սկսվել է, իսկ մյուս մասը կսկսվի մոտակա ժամանակահատվածում։
Մասնավորապես.
-Սկսված են Հայաստան-Իրան երկշղթա 400 կՎ գծի աշխատանքները, ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան։ Մինչև 2018թ. վերջ գիծը պետք է դնենք լարման տակ։ Ըստ այդմ, հարավային ուղղությամբ էլեկտրաէներգետիկական միջանցքի հզորությունը նախատեսվում է հասցնել ընդհուպ մինչև 1200 ՄՎտ-ի։ Ինչ վերաբերում է հյուսիսային ուղղության, ապա արդեն ընտրել ենք խորհրդատվական ընկերությանը, որը պատրաստում է մրցութային փաթեթ՝ գլխավոր կապալառուի ընտրության և շինմոնտաժային աշխատանքների մեկնարկի համար։