Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց այս տարվա փետրվարին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 500,4 մլն դրամ, ինչը հունվարի համեմատ ավելացել է 53,2 մլն դրամով։
Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 528 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվը ավելացել է 73 հազարով։
Փետրվարին բնակիչ-բաժանորդների համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ավելի քան 479 մլն դրամ, ինչը 52 միլիոնով ավել է հունվարի համեմատ։
Անցած յոթ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 4,4 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 4,2 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։
Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։