Դեկտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը։
Հաշվի առնելով 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը։ Ըստ այդմ էլ, մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթը:
Փաստաթղթի հիմքում դրված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ պատրաստված ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը: Այն 2014-2015 թթ. լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ կառավարությունում և Հանրային խորհրդում, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ:
Քննարկումների արդյունքում առաջարկվել է դիտարկել լրացուցիչ սցենարներ, հաշվի առնելով նաև այն, որ 2014-2015թթ. համար արդեն իսկ առկա են ՀՆԱ-ի իրական արժեքները։ Այդ սցենարով առաջիկա չորս տարիների համար Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները դիտարկված են 2,5-4,8 տոկոսի սահմաններում։ Բոլոր սցենարներում ծրագիրը պարտադրում է Հայաստանում կառուցել նոր ատոմային բլոկ։ Որպես տնտեսապես հիմնավորված տարբերակ և էներգահամակարգի ռեժիմների կարգավորման առանձնահատկություններով պայմանավորված՝ ծրագիրն առաջարկում է ունենալ 600 ՄՎտ ատոմային բլոկ՝ 1000 ՄՎտ-ի փոխարեն։ Ուստի եզրակացության մեջ որպես հիմնական՝ ընդունված է այդ նախագիծը։
Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառավարությունում կազմակերպված քննարկումների արդյունքում, երբ իրատեսական դարձավ 234 ՄՎՏ հզորությամբ շոգեգազային ցիկլով նոր ջերմային կայանի կառուցումը, լրացուցիչ դիտարկվել է նաև այդ հանգամանքը։
Որպես երկրի ներքին էներգիայի աղբյուր ընդգրկվել են էներգախնայողության միջոցառումները և սպառման բոլոր ոլորտների էներգաարդյունավետ տեխնոլոգիաները։ Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի ներքին սպառման էներգաարտադրության կառուցվածքը։ Ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիան 2014-2036թթ. 31-ից կնվազի 18 տոկոսի։ Փոխարենը՝ կավելանա հիդրոհամակարգում և ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը։ ՀԷԿ-երի մասնաբաժինը, ներառյալ փոքր ՀԷԿ-երը, կկազմի 34, ատոմակայանինը՝ 42 տոկոս։ Ակնկալվում է, որ 6 տոկոսի կհասնեն նաև վերականգնվող այլ ռեսուրսներ օգտագործող արտադրական հզորությունները։ Արդյունքում՝ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը էներգաարտադրության կառուցվածքում կհասնի շուրջ 40 տոկոսի։
«ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթում ներկայացված միջոցառումները պայմանականորեն բաժանված են երկու ժամանակահատվածների. միջնաժամկետ՝ մինչև 2025թ. և երկարաժամկետ՝ մինչև 2036թ.։
Աշխատանքները խմբավորված են երեք ուղղություններով՝ շուկայական բարեփոխումներ, ենթակառուցվածքների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների զարգացում։ Նախատեսվում են միջոցառումներ էներգետիկ շուկայի ազատականացման, էլեկտրաէներգիայի և գազի սակագների որոշման մեթոդաբանության և կառուցվածքի վերանայման, ենթակայանների և օգային գծերի արդիականացման, տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում մասնակցության ապահովման ուղղություններով։
Էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների զարգացման շրջանակներում ակնկալվում է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացում՝ մինչև 2027թ.։ Այդ ընթացքում միաժամանակ կկառուցվի նոր միջուկային էներգաբլոկը։ Մեկ այլ ծրագրով նախատեսվում է մինչև 2018թ. կառուցել շոգեգազային ցիկլով աշխատող նոր ջերմային կայան՝ 234 ՄՎտ հզորությամբ։ Կիրականացվեն լրացուցիչ խթանող միջոցառումներ՝ ուղղված նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մշակումնեը պահանջում են վերանայում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ՝ ընթացիկ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով։