Նոյեմբերի 11-ին «Ռեսուրսների և էներգիայի օգտագործման դպրոցական ծրագիր» (SPARE) միջազգային բնապահպանական ցանցի նախաձեռնությամբ նշվում է Էներգախնայողության օրը (2008թ.ից սկսած): Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների կառավարությունների և հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին:
Էներգախնայողությունը իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն է՝ ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազմանը, որն իրականացվում է էներգիայի արդյունավետ օգտագործման համար փոխկապված մեթոդների կիրառմամբ, ներառյալ վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ներգրավումը տնտեսության մեջ: Էներգախնայողության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության պարտավորությունները սահմանվում են «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասին ազգային ծրագրով» (2007թ.): Այս ծրագիրը բացահայտում է էներգախնայողության տեսանկյունից մեծ ներուժ ունեցող ոլորտները և տրամադրում այն տեխնիկական լուծումները, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կյանքի կոչելու տեխնիկապես կենսունակ նշված ներուժը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ 2012 թվականից ձեռնամուխ է եղել իրականացնելու հանրային նշանակության օբյեկտների (դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն) էներգախնայողության ծրագիրը: Գլոբալ բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները պետական հատվածում էներգախնայողության մեջ ներդրումների իրականացման խոչընդոտների վերացման միջոցով:
Ծրագրի նպատակն է էներգախնայողական միջոցառումների միջոցով նվազեցնել հանրային նշանակության շենքերի և բնակավայրերի արտաքին լուսավորության էներգետիկ ծախսերը: Էներգախնայողական միջոցառումներ են համարվում շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացումը ջերմամեկուսիչ նյութերով, արտաքին դռների և լուսամուտների փոխարինումը ավելի արդիական դռներով և լուսամուտներով, դրանց վերանորոգումը, տանիքների և նկուղների ջերմամեկուսացումը, գազով աշխատող նոր կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցումը, հների արդիականացումը, դրանց կարգաբերումը, բնակավայրերի գոյություն ունեցող արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հին լուսատուների փոխարինումը ավելի խնայողական լուսատուներով և այլն:
Ծրագրի ֆինանսավորումը ներառում է 8.3 մլն ԱՄՆ դոլար Կառավարության համաֆինանսավորումը, 1.82 մլն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ և 0.54 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ):