Լրացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերագործարկման 20-ամյակը։ Ինչպես հայտնի է, վեցուկես տարվա ժամանակավոր դադարից հետո ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերաթողարկվեց 1995թ. նոյեմբերի 5-ին։ Այդ ժամանակվանից սկսած էներգաբլոկը հաջողությամբ շահագործվում է։
Պատմական ակնարկ
Հայկական ատոմային էլեկտրակայանը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 միջուկային ռեակտորներով В-270 մոդիֆիկացիայով:
Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976թ. դեկտեմբերի 22-ին, երկրորդը՝ 1980թ. հունվարի 5-ին: Յուրաքանչյուր էներգաբլոկի նախագծային հզորությունը 407,5 ՄՎտ է: ՀԱԷԿ-ը բարեհաջող դիմացավ 1998թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին։ Համաձայն MSK-64 սանդղակի, այդ ժամանակ ատոմակայանի հրապարակում գրանցվեց 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկու էներգաբլոկներն էլ մնացին աշխատանքային ռեժիմում: Մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրելով ՀԱԷԿ-ի վիճակը՝ եկավ եզրակացության, որ կայանն ամբողջությամբ պահպանել է կայունությունը։
Երկրաշարժը որևէ հետևանք չթողեց կայանի վրա: Ամեն դեպքում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ազդեցության տակ Խորհրդային Միության նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կանգնեցնել հայկական ԱԷԿ-ը: 1989թ. փետրվարի 25-ին դադարեցվեց առաջին էներգաբլոկի, իսկ մարտի 18-ին՝ երկրորդի աշխատանքը։
Խորհրդային Միության փլուզումից հետո մեր տարածաշրջանում ստեղծված բարդ քաղաքական վիճակը շուտով բերեց նրան, որ Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ՝ կրելով առաջին հերթին էներգետիկ ճգնաժամի ծանր հետևանքները։ Դրա պատճառով ամբողջ արդյունաբերությունն անդառնալի տնտեսական կորուստներ ունեցավ։ Մեծապես տուժեց նաև երկրի էկոհամակարգը։ Բացի այն, որ այդ տարիներին էլեկտրաէներգիայի պահանջարկը քիչ թե շատ բավարարելու համար մեծ քանակությամբ ջուր բաց թողնվեց Սևանից, լուրջ վնասներ հասցվեց նաև հայրենի բնությանը։ Կտրվեցին հազարավոր հեկտար անտառներ, ինչի հետևանքները մինչև այժմ էլ զգացնել են տալիս։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ՀԱԷԿ-ի վերագործարկումն էր: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանի կառավարությունը 1993թ. ապրիլի 7-ին որոշեց գնալ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերաթողարկման։ Մինչ այդ հրավիրվեցին տարբեր հեղինակավոր կազմակերպություններ՝ քննարկելու վերագործարկման հնարավորությունները: Այդպիսի կազմակերպություններից էին՝ Ռուսաստանի ՙՌոսէներգոատոմը՚, Ֆրանսիայի ՙՖրամատոմ՚, ՄԱԷԳ-ը և այլն:
ՀՀ կառավարության 1993թ. նոյեմբերի 16-ի № 573 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ՙՄիջուկային և ռադիացիոն անվտանգության պետհսկողության՚ վարչությունը (ՙՀայպետատոմհսկողություն՚ վարչություն), որի պետ նշանակվեց Աշոտ Մարտիրոսյանը։ Վարչությունը բարձր մակարդակով կատարեց իրեն վերապահված բոլոր աշխատանքները։
ՀՀ կառավարությունը 1994թ. դեկտեմբերի 28-ին № 604 որոշմամբ ստեղծեց ՙՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման հանձնելու նպատակով պետական ընդունող հանձնաժողով՚: Հանձնաժողովի նախագահ նշանակվեց ՀՀ Էներգետիկայի և վառելիքի նախարար` Միրոն Շիշմանյանը, ում 1995թ. հուլիսի 31-ին փոխարինեց ՀՀ Էներգետիկայի և վառելիքի նոր նախարար` Գագիկ Մարտիրոսյանը։ Պետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար նշանակվեց ՙՀԱՅԱՏՈՄ՚ ԳՀԻ գիտության գծով փոխտնօրեն Վահրամ Պետրոսյանը: Հանձնաժողովն ուներ տարբեր նախարարություններից, ինչպես նաև գերատեսչություններից և գիտական կազմակերպություններից ներգրավված 20 անդամներ։ Ութ մասնագետներ ընդգրկվեցին նաև Ռուսաստանի տարբեր կազմակերպություններից: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ապակոնսերվացման և վերաթողարկման աշխատանքների կոորդինատոր նշանակվեց ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիտեչյանը: Վերագործարկման ամբողջ պրոցեսը գտնվում էր ՀՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Շատ հաճախ կառավարության ընդլայնված կազմով նիստերը՝ վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ անցկացվում էին ՀԱԷԿ-ում, տեղում կայացվում էին հրատապ և կարևոր որոշումներ: Յուրահատուկ նվիրումով աշխատում էր ՀԱԷԿ-ի ողջ կոլեկտիվը, գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանի և աշխատանքային խմբի ղեկավար` գլխավոր ճարտարագետ Գագիկ Մարկոսյանի ղեկավարությամբ:
ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի մեկ այլ որոշմամբ ստեղծվեց ՙՀԱԷԿ-ի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերաթողարկման աշխատանքները կոորդինացնող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողով՚: Հայկական կողմից համանախագահ նշանակվեց ՀՀ Էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, քարտուղար՝ ՙՀԱՅԱՏՈՄ՚ ԳՀԻ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Պետրոսյանը: Ռուսական կողմից համանախագահն էր ՌԴ ատոմային էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ Լև Ռյաբևը, քարտուղարը` ՌԴ ՙԱտոմտեխէներգո՚ կազմակերպության գլխավոր ճարտարագետ Էդուարդ Սահակովը: Իրենց աշխատանքը անասելի նվիրումով կատարեցին Լ. Ռյաբևը, ՙՎՆԻԻԱԷԿ՚ կազմակերպության գլխավոր տնօրեն Արմեն Աբաղյանը, ՙՌոսէներգոատոմ՚ կոնցեռնի փոխնախագահ Բորիս Անտոնովը, ՙՌոսէներգոատոմ՚ կոնցեռնի բաժնի պետ Վալերի Զվերևը, ովքեր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաթողարկումից հետո ՀՀ Նախագահի հրամանով արժանացան կառավարական պարգևների:
Էներգաբլոկի վերագործարկման հիմքում ընկած էին հետևյալ 3 հիմնական գլոբալ միջոցառումները`
-ՀԱԷԿ-ի հրապարակի սեյսմիկ վիճակի գնահատում, -ՀԱԷԿ-ի 1-ին կոնտուրի սարքավորումների, հատկապես ռեակտորի կորպուսի, խողովակների մետաղի վիճակի և եռակցման կարերի գնահատում, -1-ին կոնտուրի՝ արտահոսքերի հայտնաբերման ախտորոշիչ համակարգերով համալրում:
ՀԱԷԿ-ի հրապարակի տեկտոնիկ վիճակի ուսումնասիրմանը մասնակցեցին ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մասնագետները։ Ըստ այդմ, տրվեց եզրակացություն, որ կայանի հրապարակում 8 բալից ավել ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ: Պետք է նշեմ, որ ինը բալի դեպքում մենք կզրկվեինք վերագործարկման հնարավորությունից:
Հայկական ատոմակայանը գտնվում է 400 մ հաստությամբ բազալտի շերտի վրա, որը տարածվում է մինչև Արաքս գետի ափերը: Դրա շնորհիվ տեղի է ունենում երկրաշարժի ալիքների մարում։ Մի բան, ինչը ապացուցվեց նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Հաշվարկները ցույց են տվել, որ ՀԱԷԿ հրապարակում պետք է լիներ 7-7,5 բալ ուժգնության երկրաշարժ, սակայն գրանցվեց 5,5-6 բալ:
Ամբողջությամբ ստուգվեցին առաջին կոնտուրի բոլոր սարքավորումները, խողովակաշարերի մետաղի և եռակցման կարերի վիճակը: Կատարվեցին կապիտալ վերանորոգման մեծածավալ աշխատանքներ, կայանը բերվեց նախագծային վիճակի: Միջուկային վառելիքը Հայաստան տեղափոխվեց ինքնաթիռով, քանի որ երկաթուղին չէր գործում: Այդ ընթացքում կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ՝ օպերատիվ անձնակազմի համար։
Միայն այս ամենից հետո, 1995թ. նոյեմբերի 5-ին, ավելի քան 6,5 տարի կանգնելուց հետո, կայանը հանձնվեց շահագործման՝ պայմաններ ստեղծելով անցնելու շուրջօրյա էլեկտրամատակարարման: Անգամ տարիների հեռվից դժվար է գնահատել այն հոգեբանական, էկոլոգիական և տնտեսական իրողությունը, որը տվեց ՀԱԷԿ-ի վերաթողարկումը։
Իհարկե, դրանից հետո աշխատանքներն ամենևին էլ չավարտվեցին։ Անընդհատ և շարունակական գործընթաց է հատկապես ատոմակայանի շահագործման և նախագծային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Պատահական չէ, որ այն եղել ու մնում է կառավարության առաջնային խնդիրներից մեկը: Ավելին, 1996թ. Հայաստանի Հանրապետության Նախագահին կից գործում է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը, ուր ներգրավված են 8 տարբեր երկրների 12 ճանաչված և հեղինակավոր մասնագետներ: Խորհուրդը, ՀՀ Նախագահի անմիջական մասնակցությամբ, պարբերաբար լսում է ՀԱԷԿ-ի և Կարգավորող մարմնի կողմից ներկայացված հաշվետվությունները և տալիս առաջարկություններ: Դրանք անպայման հաշվի են առնվում անվտանգության մակարդակի բարձրացմանը ուղղված տարեկան ծրագրերում: Բոլորովին վերջերս, այս տարվա հոկտեմբերի 27-ին, կայացավ ՙԱնվտանգության խորհրդի՚ հերթական՝ 14-րդ նիստը, որտեղ քննարկվեցին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման հետ կապված խնդիրները:
Նշենք, որ ՋՋԷՌ-440 ռեակտորները 60-70-ական թվականների մշակումներ են։ Լինելով հաջողված նախագիծ՝ դրանք այնուհանդերձ չէին համապատասխանում այսօրվա անվտանգության միջազգային նորմերին: ՀԱԷԿ-ը առաջին սերնդի նախագծով В-230 ռեակտորի մոդիֆիկացված տարբերակն է, հաշվի առած շինհրապարակի սեյսմիկ բնութագրերը (8 բալ MSK սանդղակի համաձայն): Այստեղ փոփոխվել է ВВЭР-440/230 նախագծի շինարարական մասը, զգալի փոփոխություններ կան նաև բուն ռեակտորի հետ կապված: Այդ իսկ պատճառով, այն կրում է ВВЭР-440 В-270 մոդիֆիկացիա անունը: Նմանատիպ կայաններ շահագործվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում և Հունգարիայում:
Որպեսզի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը համապատասխանեցվեր տվյալ ժամանակի պահանջներին և չափանիշներին, 1993թ. մշակվեց ՙՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների՚ ծրագիր: Կատարվեցին այնպիսի աշխատանքներ, որոնք էական ազդեցություն ունեցան անվտանգության մակարդակի բարձրացման վրա: 2002թ. վերջին մշակվեց ՙՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների՚ նոր տարբերակ:
Երկրորդ էներգաբլոկի վերաթողարկան պահից իրականացվել են անվտանգության մակարդակի բարձրացման ավելի քան 1400 միջոցառումներ։ Կատարվել են 160 մլն դոլարի ներդրումներ։
Հարկ է նշել, որ չնայած առաջին սերնդի ՋՋԷՌ տիպի ռեակտորների անվտանգության թերություններին, այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածում չի եղել որևիցե պատահար՝ կապված միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ:
Էկոլոգիական խնդիրներ և ռադիացիոն անվտանգություն Էկոլոգիական տեսակետից ԱԷԿ-ները, եթե շահագործվում են նորմալ ռեժիմներում, ունեն առավելություններ օրգանական վառելիքով աշխատող կայանների համեմատ։ Սակայն միաժամանակ առկա է որոշակի ռիսկայնություն դրանց անվտանգ շահագործման առումով։ Կան խնդիրներ, ինչպես աշխատած վառելիքի, այնպես էլ աշխատանքի պրոցեսում առաջացած ռադիոակտիվ թափոնների մշակման ու պահպանման հետ կապված:
Աշխատած միջուկային վառելիքը ռեակտորի ակտիվ գոտուց դուրս բերելուց հետո պահվում է աշխատած միջուկային վառելիքի ավազանում՝ 3-ից 5 տարի, այնուհետև, համապատասխան ջերմաֆիզիկական պարամետրերի հաստատվելուց հետո, տեղափոխվում է չոր պահպանման: Այդ տեխնոլոգիան լայն կիրառվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում: Հայկական ԱԷԿ-ում օգտագործվում է NUHOMS Ֆրանսիական ընկերության աջակցությամբ արդիականացված տեխնոլոգիան, որի շահագործման ժամկետը 50 տարի է:
Հայաստանի ատոմային կայանն արդեն ունի 3 չոր պահեստարան: Այնպես որ, աշխատած միջուկային վառելիքի պահպանման տեսակետից մենք մինչև 2026թ. որևէ խնդիր չունենք:
Միջին և ցածր ռադիոակտիվության թափոնների մշակման ու պահպանման խնդիրները լուծվելու են 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների հետ համատեղ: Ֆինանսական հարցը լուծված է, սպասվող աշխատանքներն իրականացվելու են 2016-2019թթ. ընթացքում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին:
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում
Արդեն սկսված են հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման միջոցառումները: Դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014թ. մարտի 27-ին հաստատած ծրագրի համաձայն: Ֆինանսավորումը կատարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից այդ նպատակով տրամադրված վարկային և դրամաշնորհման միջոցներով: Աշխատանքներն իրականացնում են Ռուսաստանի և Հայաստանի մասնագիտացված կազմակերպությունները։ Անհրաժեշտության դեպքում մասնագետներ կներգրավվեն նաև այլ երկրներից։
Նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 2 փուլերով։
Առաջին փուլով կկատարվի համակարգերի, սարքավորումների, շինությունների համալիր ստուգում: Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Անցակացվել է շուրջ 4500 անուն սարքավորումների և համակարգերի ստուգում: Առաջին փուլի հաշվետվությունները պատրաստ կլինեն 2016թ. մարտին:
Երկրորդ փուլում նախատեսվում է ձեռք բերել և տեղադրել նոր սարքավորումներ։ Այդ ընթացքում միաժամանակ կիրականացվեն մի շարք կարևոր միջոցառումներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ (լրացուցիչ սարքավորումների տեղադրում առաջին կոնտուրում և այլն):
Նշենք, որ հայկական ԱԷԿ-ի անվտանգության նոր հայեցակարգը պահանջում է երկրորդ էներգաբլոկի անվտանգության արդիականացում և միջուկային վառելիքի վնասման հավանականության արժեքի համապատասխանեցում ժամանակակից պահանջներին (հետֆուկուշիմյան պահանջներ)։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտ է իրականացնել էներգաբլոկի համակարգերի և սարքավորումների արդիականացման մեծ ծավալի լրացուցիչ միջոցառումներ։
Միայն այդ ամենից հետո աշխատանքներ կտարվեն՝ կարգավորող մարմնից երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման արտոնագիր ստանալու համար:
Հավատացած ենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները կկատարվեն ժամանակին և որակով, ինչը հնարավորություն կտա այն շահագործել մինչև նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ