Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.09.2015

Ներկայացվել են «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարությունը» թեմայով փաստաթղթի ամփոփիչ հիմնադրույթները

  Սեպտեմբերի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում՝ «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարությունը» թեմայով փաստաթղթի մշակման ամփոփիչ հիմնադրույթները  քննարկելու նպատակով:                                                                                                    

 Հանդիպմանը ներկա էին  շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև  իտալական ITER-Consult կոնսորցիումի ներկայացուցիչները:                                                                                      

    ՀՀ ԷԲՊ նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ողջունելով ներկաներին` նշեց, որ  փաստաթղթի մշակման արդյունքները գոհացուցիչ են և թիմը աշխատել է բարձր որակով:      

ITER-Consult կոնսորցիումի ներկայացուցիչներն իրենց հերթին ևս գոհունակություն  հայտնեցին կատարված համատեղ և արդյունավետ աշխատանքների համար՝ հուսալով, որ ծրագրի հաջող իրականացումը  նպաստավոր կլինի հետագա գործընթացներում։         

  Տեղեկացնենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարությունը» փաստաթղթի մշակման աշխատանքները մեկնարկել են 2013թ. սեպտեմբերից:  Ծրագրի տևողությունը 2 տարի է:         Փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման համար ԵՄ-ն պայմանագիր է կնքել իտալական ITER-Consult կոնսորցիումի հետ:                                                                        

   ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով, 2013 թ. սեպտեմբերին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ITER-Consult կոնսորցիումի հետ համատեղ մշակել են «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ռազմավարություն» փաստաթղթի նախագիծը:                                                                     

   Իրականացվել է ՀՀ-ում գործող նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերլուծություն՝ համեմատելով այն միջազգային նորմատիվ իրավական փաստաթղթերի հետ, որի արդյունքում ՀՀ նորմատիվ իրավական դաշտը բարելավելու նպատակով տրվել են կոնկրետ առաջարկություններ:               Աշխարհում լավագույն փորձի վերլուծության հիման վրա ներկայացվել է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման մոդել, որում մասնավորապես առաջարկվում է հիմնադրել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման «ազգային օպերատոր»: Ազգային օպերատորի հիմնադրումը կապահովի ռադիոակտիվ թափոնների միասնական և կենտրոնացված կառավարումը:                

   Ծրագրի ընթացքում, համաձայն միջազգային պահանջների, մշակվել է ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման էլեկտրոնային միասնական համակարգ: