Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.09.2015

Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ֆինանսավորումը շուտով կվերականգնվի

  Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ֆինանսավորումը շուտով կվերականգնվի։ Այն ընդհատվել էր իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։

  Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

  Ծրագրի գլխավոր կապալառու՝ իրանական «Սաներջի» ընկերությունը 2013թ.-ին ավարտվել էր գազի բաշխման ցանցի նախագծման աշխատանքները և սկսել էր համապատասխան սարքավորումների ու նյութերի մատակարարումները:

   Այդ նպատակով իրանական կողմը տրամադրել էր կանխավճար՝ 800 հազար դոլար։ Այլ կերպ ասած` համաձայնագրով նախատեսված գումարի 40%-ը։ Կանխավճարը փոխանցվել էր Հայաստանում Իրանի դեսպանության հաշվին։ Սակայն դրա իրացումը կասեցվել էր։ Մասնավորապես 2013-2014 թթ. Հայաստանում Իրանի դեսպանություն էր ներկայացվել մատակարարված ապրանքների դիմաց վճարման 5 հանձնարարագիր՝ 192 հազար դոլար արժեքով։ Բայց վճարում չէր իրականացվել` ԻԻՀ ԱԳՆ-ի կողմից ծրագրի ֆինանսավորումը կասեցնելու պատճառով:

   Սաներջի ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ծրագրի ֆինանսավորումը կվերսկսվի:

2015թ. ընթացքում կապալառու ընկերությունը նախատեսում է Հայաստան ներկրել 475 հազար դոլարի սարքավորումներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 18-ին կայացած նիստում ընդունեց որոշում նշված ծրագրի շրջանակներում 2015թ. ներկրվող ապրանքերի համար առաջացող հարկերի և տուրքերի 102,5 մլն դրամ վճարման  վերաբերյալ: