ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:Երվանդ Զախարյանի այցը մեկնարկել է Հրազդանի Դդմաշեն համայնքից, որտեղ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ կառուցվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ կառուցվող Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի միացման նպատակով նախատեսվում է կառուցել 400/220 կՎ լարման ենթակայան:ԳԴՀ կառավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված ենթակայանի կառուցման համար Վերականգնման վարկերի բանկի միջոցով արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ, որի վարկային համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2015թ. չորրորդ եռամսյակում, իսկ աշխատանքների իրականացումը` մինչև 2018թ-ը:Արդեն ձեռք է բերվել Դդմաշենում նախատեսվող ենթակայանի կառուցման համար անհրաժեշտ շուրջ 15 հա հողատարածքը:Այնուհետև նախարարը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ծանոթացել է «Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր 220կՎ ենթակայանին միացնող Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Երվանդ Զախարյանը հայտնել է իր գոհունակությունը կատարված աշխատանքների վերաբերյալ և վստահեցրել, որ իրականացվող ծրագրի արդյունքում կբարձրանա սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կավելանա էներգահամակարգի կայունությունը, կմեծանա էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը, և հուսալիությունը Իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ, ինչպես նաև կնվազեն էլեկտրաէներգիայի կորուստները: Նախարարը հորդորել է այսուհետ ևս պատշաճ ուշադրություն դարձնել որակի խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային համաձայնագիրը` 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, ստորագրվել է 2011թ. հունիսի 1-ին: Նախատեսվում է նաև ՀՀ կառավարության մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսվորում` ծրագրի շրջանակներում առաջացող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների իրականացման համար: Ծրագրի փակման ամսաթիվն է 2016թ.-ի հունիսի 30-ը: Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:Ծրագրի նպատակն է վերակառուցել 1950-ական թվականներին կառուցված, ֆիզիկապես և բարոյապես մաշված շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը, որոնք միացնում են էներգահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ-ը և Որոտանի ՀԷԿ-երի կասկադը): Այն կարևոր նշանակություն ունի հանրապետությունում հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու գործում: Էլեկտրահաղորդման գծերն անցնում են ՀՀ Կոտայքի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Վայոց Ձորի և ՀՀ Սյունիքի մարզերով (որոշ հատվածներում՝ նաև բնակավայրերով):
Միջազգային մրցույթի արդյունքում էլեկտրահաղորդման գծի վերակառուցման գլխավոր կապալառու է ընտրվել հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն» (Kalpataru Power Transmission LTD) ընկերությունը: Պայմանագրի գումարը կազմում է շուրջ 25.7 մլն ԱՄՆ դոլար: Պայմանագիրը մեկնարկել է 2013 թ. մարտի 5-ին, ժամկետը` 36 ամիս:Վերակառուցման աշխատանքների խորհրդատուն է ֆինլանդական «Հիֆաբ Օյ» (Hifab Oy) ընկերությունը:Էլեկտրահաղորդման գծի բոլոր հինգ հատվածներում նախատեսված ընդհանուր թվով 721 հենարաններից փորվել է 400 հենարանի հիմքի տեղ, կատարվել է 314 հենարանի հիմքի բետոնավորում և մոնտաժվել է 192 հենարան: Պատրաստվել են հիմքերի գործարանային արտադրության 1135 բետոնյա ոտքեր (ընդհանուր նախատեսված է 1225 հատ), որից 1042-ը տեղափոխվել է շինարարության տեղանք:Հենարանների տեղադրման համար այսօրվա դրությամբ ձեռք են բերվել 434 պետական ու համայնքային և 136 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորներ (ընդհանուր հաշվով 570 հողակտոր): Էլեկտրահաղորդման գծի շուրջ 7 կմ հատված արդեն պատրաստ է: Աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Ներգրավված է գրեթե 550 աշխատող: