Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.09.2015

Տեղեկատվություն Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով ինքնավար էներգաարտադրողների էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքի վերաբերյալ

Վերջին շրջանում ՀՀ կառավարություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էին դիմում մի շարք ինքնավար էներգաարտադրողներ` տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը և էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրի կնքումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվում հարկային օրենսդրության համաձայն, հարկային ձևակերպումների կատարման առնչությամբ առաջացած խնդիրների պատճառով: Կան այդպիսի բազմաթիվ օրինակներ` հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տանիքին տեղադրված արևային էլեկտրակայանը, ՄԱԿ-ի գրասենյակի արևային էլեկտրակայանը, Սպիտակում շվեյցարական գրանտով կառուցված արևային էլեկտրակայանը և այլն:

Այս ամենի արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ, փաստորեն հարկային օրենսդրությամբ հաշվի չէին առնված էներգետիկայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ էներգաարտադրողների համար նախատեսված կարգավորման առանձնահատկությունները, ինչի արդյունքում էներգաար­տա­դրողների զուգահեռ աշխատանքը և համապատասխան կարգերի կիրառությունը դարձել էր անհնար:

Այլ կերպ ասած, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերով էներգաարտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատանքի, ինչպես նաև այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները անկատար էին:

Սակայն պետք է նշել, որ խիստ անհրաժեշտ է ապահովել էներգաարտադրողների` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքը` կողմերի համար հարկային պարտավորություններ չառաջացնելով:

Խնդրի կարգավորման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է օրենքների նախագծեր, որոնք արդեն հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ներկայացվելու է ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը: Նախագծերով առաջարկվում է.

 

  • ապահովել էներգաարտադրողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ լիցենզավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայնքների դրվածքային հզորությունը չի գերազանցում 150 կիլովատտը:
  • վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգետիկայի բնագավառը Հայաստանի Հանրապետությունում խթանելու նպատակով առաջարկվում է, որ էներգաարտադրողների կողմից արտադրված և չսպառված էլեկտրաէներգիան իրացվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի 50 տոկոսի չափով՝ բացառությամբ փոքր ՀԷկ-երի: Իսկ եթե էներգաարտադրողը ավելի պակաս է արտադրել էլեկտրաէներգիա, քան հարկավոր է իրեն, ապա նա վճարում է ցանցին էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով:

ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ խնդրո առարկա հարցի լուծումն ուղղված է Հայաստանում էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապա­հով­մանը`                       ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազ­մակերպ­մանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցու­թյուն­ների նվազեցմանը: Մասնավորապես կանխատեսվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ  արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, որի արդյունքում կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը: