ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների՝ բնակիչ-բաժանորդների կողմից ս.թ. օգոստոս ամսին սպառած էլեկտրական էներգիայի սակագնի ՀՀ կառավարության ստանձնած սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմում է 986,866,361.98 ՀՀ դրամ:
0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների («ՓՄՁ»-ների)՝ (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին ս.թ. օգոստոս ամսվա համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմում է 21,245,846.81 ՀՀ դրամ;
Այդպիսով՝ Կառավարության կողմից ս.թ. օգոստոս ամսվա համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 1,008,112,208.79 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 31-ի նիստում ընդունված՝ «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառման և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությունը վերը նշված սպառողների խմբերի օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սուբսիդիաներ վճարումը կիրականացնի 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը: