Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.09.2015

Այսօր տեղի են ունեցել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ» ծրագրի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը թեմայով հանրային քննարկումներ

Սեպտեմբերի  9-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարությունը «Մոսկվայի տուն» կենտրոնում կազմակերպել էր «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը զարգացման ուղիները)» ծրագրի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը թեմայով հանրային քննարկումներ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով):

Միջոցառմանը հրավիրված էին շահագրգիռ գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում ներկայացրել է զարգացման ծրագրի նպատակը, հիմնադրույթները, ծրագրով նախատեսված միջոցառումները և այլ մանրամասներ և պատասխանել է մասնակիցների կողմից հնչեցրած հարցերին:

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել նաև ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Ազգանուշ Դոնոյանը: Վերջինս ընդգծելով հասարակական կարծիքի կարևորությունը՝ նշել է, որ փորձաքննության ընթացքում հաշվի են առնվելու բոլոր կարծիքները, և հասարակությունը դեռևս կարող է օրենքով սահմանված ժամկետներում, գրավոր և բանավոր կերպով ներկայացնել զարգացման ծրագրի հետ կապված դիտողություններն ու առաջարկությունները:

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով ծրագիրը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ: 

Էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերը ծախսատար են և դրանց ֆինանսավորման գործընթացի կազմակերպման ժամկետները՝ տևական: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում զարգացման ծրագրում նախատեսել  թե արտադրական հզորությունների, և թե էլեկտրական ցանցերի սարքավորումների ընտրությունը օպտիմիզացիոն մոդելավորմամբ՝ ըստ տեխնոլոգիաների տեսակների և ժամկետների:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել մի շարք հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝ երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ողջամիտ մակարդակի ապահովումը, էներգակիրների հուսալի մատակարարումը  ներքին շուկայի սպառողներին՝ հնարավորին ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաները, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական սահմանափակումները:

Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 22-ին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, ԱԺ պատգամավորների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը զարգացման ուղիները)» թեմայով ծրագրի շնորհանդեսի  ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից մանրամասն կերպով ներկայացվել է  մինչև 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը: 

«ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը զարգացման ուղիները)»  խորագրով ծրագրին կարելի է ծանոթանալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://minenergy.am/article/455#sthash.37e18Dto.dpuf