Ս.թ. օգոստոսի 31-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունվել է «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Որոշման 1-ին կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, բնակիչ սպառողների (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարի էլեկտրական էներգիայի՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ՝ 6,93 դրամ/կՎտժ չափով:
Որոշման 2-րդ կետով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել Հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից 6,93 դրամ/կՎտժ նվազեցված չափով: