ՀՀ նախագահի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը:
Տեխնիկական առաջադրանքի նպատակն է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը՝ հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ.
1-ին խնդիրը ընկերության 2009-2014թթ ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է և առևտրային ու տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը,
2-րդ խնդիրը՝ իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է,
3-րդ խնդիրը՝ ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:
Վերը նշված խնդիրների պատասխանը ստանալու համար՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը հայտարարել է բաց միջազգային մրցույթ՝ աուդիտորական ծառայություն գնելու վերաբերյալ: Մրցույթի հայտերը ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց պետք է ավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց ներկայացնի վերջնական հաշվետվությունը:
Աուդիտի արդյունքները կհրապարակվեն և հասանելի կլինեն հանրության համար: