Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

28.08.2015

Նախարարը հյուրընկալել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրենին

   Օգոստոսի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է  Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու <Սանիր> ընկերության տնօրեն Բահման Սալեհիի գլխավորած պատվիրակությանը:     

     Ողջույնի խոսքերի փոխանակումից հետո Սանիր ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների  առաջին      խմբաքանակը    և   նշել, որ   շինարարական աշխատանքները կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան:                                                                                                             

    Նախարար Երվանդ Զախարյանն ընդգծելով ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար՝ նշել է, որ ծրագիրը պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետում:

   Նախարարը նշել է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի ամենայն աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար:

   Տեղեկացնենք, որ օգոստոսի 12-ին <Սանիր> ընկերության և <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Իրան-Հայաստան 400  կՎ երրորդ գծի  և համապատասխան ենթակայանի  շինարարության պայմանագիրը:

    Օգոսոսի 9-ին, Թեհրանում  Իրանի արտահանման  զարգացման բանկի և ՀՀ ԷԲՊՆ   <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ-ի միջև ստորագրված  Ֆիանասական  պայմանագրի համաձայն՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն. Եվրո գումարը կտրամադրի իրանական կողմը: Նշված գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի արտահանման  զարգացման բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ <Սանիր> ընկերությունը:                

    Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:

    <Իրան–Հայաստան 400կՎ երրորդ  էլեկտրահաղորդման գծի> և <Նորավան> ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

   Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի <Մառնեուլի> ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:

    Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումն ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելուն:

   Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: