Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.07.2015

«Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ուղիները» ծրագիրը ներկայացվել է հանրային քննարկման

Հուլիսի 22-ին «Մոսկվայի տուն» կենտրոնում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, ԱԺ պատգամավորների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսը:

 Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ծրագիրը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ: 

Ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմիզացիոն հաշվարկների վրա, հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, փայտ, ածուխ և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները:

ՀՀ Վարչապետը ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ նշել է, որ մեծապես կարևորում է նման միջացառման անցկացումը, ինչը հնարավորություն կտա լայնորեն քննարկելու երկարաժամկետ հատվածում Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հնարավորությունները, վեր հանելու առկա խնդիրներն ու մարտահրավերները, գտնելու դրանց լուծման ճանապարհները:

-Վստահ եմ, որ այս համաժողովի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները էապես կնպաստեն մեր երկրի ապահով էներգետիկ համակարգի կայացմանն ու զարգացմանը, -իր ելույթում նշել է ՀՀ Վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև նշել է, որ իրականացվում են համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում:

-Էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ: Հուսով ենք, որ շուտով այդ միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը, -ասել է ՀՀ Վարչապետը:

ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, իր հերթին ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին, նշել է, որ հանդիպման նպատակն է հանրության լայն քննարկմանը ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ռազմավարությունը, որը տրամաբանական շարունակությունն է էներգետիկայի զարգացման ռազմավարական բնույթի մինչ այսօր մշակված փաստաթղթերի, ինչպիսիք են 2005թ. և 2007թ. ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունները, 2013թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը» և 2014թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որոնք նպատակաուղղված են ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

-Մենք,  գիտակցելով, որ զարգացման ծրագրերը կյանքի կարող են կոչվել միայն առողջ համակարգում, դեռ 2014թ. մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում: Արդյունքում ձևավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունը և հուսալիությունը,- ասել է Երվանդ Զախարյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու  է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական վնասների ձևավորումը: Երվանդ Զախարյանի խոսքով Կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ: Մշակվել են  նաև էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում` նախնական գնահատմամբ կբերի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը` 1,5-2%-ով:

-Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգ, անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրություն ներքին շուկայի և արտահանման համար, կայուն ֆինանսական վիճակ, կանխատեսելի սակագներ և կորուստների կրճատում, սպառողներին մատարակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացում, ինչը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և բիզնեսի զարգացմանը,- ասել է Երվանդ Զախարյանը: Նա շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել է նաև  էներգետիկայի զարգացման ռազմավարական ուղղություններով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարված նշանակալի աշխատանքները՝ ատոմային էներգետիկայի, ենթակառուցվածքների, վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության մասով:

-Այսքանով հանդերձ՝ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ շարունակում ենք աշխատանքները: Մենք պատրաստ ենք լսել Ձեր կարծիքները և առաջարկները, ստանալ այն հաջող արդյունքը, որը թույլ կտա ունենալ կայուն և հուսալի էներգահամակարգ,- խոսքն ամփոփել է Երվանդ Զախարյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել է մինչև 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը: Նրա խոսքով, այն մշակելիս հաշվի են առնվել մի շարք հիմնարար սկզբունքներ՝ երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ողջամիտ մակարդակի ապահովումը, էներգակիրների հուսալի մատակարարումը  ներքին շուկայի սպառողներին՝ հնարավորին ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաները, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական սահմանափակումները:

Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայիս հնարավորությունների ու  զարգացման հեռանկարների շուրջ կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների  արդյունքում մասնագետները մինչև 2036 թվականը զարգացման ծրագրում ուսումնասիրել են զարգացման տարբեր սցենարներ: Բոլոր դիտարկված տարբերակներում գործող միջուկային բլոկի փոխարինումը 2027թ.-ին նոր էներգաբլոկով տնտեսապես հիմնավորված է և անհրաժեշտ՝ ելնելով երկրի ռազմավարական դրույթներից: Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Առաջարկների մեջ կարևոր տեղ ունի նաև նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքների կառուցումը, սկսած 2018 թվականից: Այս հզորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաև Հրազդան ՋԷԿ-ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ: Դիտարկվում է նաև 2027թ.-ից հետո Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացում` տնտեսապես հիմնավորված պայմաններով:

Մինչև 2036 թվականը զարգացման ծրագրում հաշվի է առնվել էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը բոլոր բնագավառներում: Վերականգնվող էներգետիկայի բնագավառում դիտարկվում է փոքր ՀԷԿ-երի կառուցում գումարային 150 ՄՎտ հզորությամբ, մինչև 2021թ.՝ հաշվի առնելով տեսակարար ներդրումների աճը և բնապահպանական պահանջների ապահովումը՝ մասնավոր ներդրումների հաշվին: Առաջարկվում է միջին հզորության ՀԷԿ-երի (Լոռիբերդ-66 ՄՎտ և Շնող-70 ՄՎտ) զարգացում և շահագործման հանձնում 2021թ., ինչը կավելացնի տարեկան արտադրանքը շուրջ 500 մլն կՎտժ՝ մասնավոր ներդրումների հաշվին: Այդ շրջանակներում կարևորվում է հայ-իրանական Մեղրի ՀԷԿ-ի կառուցման համաձայնագրի իրականացումը՝ ակնկալելով, որ կայանը 2033թ. կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ:  Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործընթացում դիտարկվում է նաև 40 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայանների կառուցումը մինչև 2021թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի համաֆինանսավորմամբ: Հաշվի են առնված նաև մոտ 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունները՝ մասնավոր ներդրումների հաշվին:

Մինչև 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի      զարգացման ծրագրում որպես առաջարկ ներկայացված է նաև 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրական կայանի կառուցումը և շահագործումը 2024թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի աջակցությամբ:              

Էներգահամակարգի ենթակառուցվածքների զարգացման գործընթացում առաջարկվում է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, ինչի արդյունքում Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի, իսկ Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից կհասցվի 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ կբարձրանա էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունը (Իրանի արտահանման զարգացման բանկ և KfW բանկ` վարկային միջոցներ): Առաջարկվում է նաև Այրում 350 ՄՎտ հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի երրորդ մոդուլի կառուցումը (2027թ.)՝ ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջարկից: Սա հնարավորություն կտա Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի (KfW բանկ կամ այլ միջազգային բանկերի միջոցներ):

Մասնագետների կողմից ներկայացված առաջարկների մեջ կարևոր տեղ ունեն նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը, ոլորտի սակագների կառուցվածքի և մեթոդաբանության վերանայումը: