Մայիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նախարարը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում համակարգում իրականացված ծրագրերն ու կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում էներգետիկայի բնագավառում կատարված աշխատանքների մեծ մասն ուղղված են եղել <ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին> ՀՀ Նախագահի հրամանագրի և դրանից բխող Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի /ՀՀ կառավարության կողմից՝ 2014թ. հուլիսին հաստատված/ դրույթների կատարմանը:
Նախարարի խոսքով միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ շարունակվել են էներգահամակարգի համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նոր ենթակառուցվածքների ու գծերի կառուցման ծրագրերը: Արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կվերակառուցեն 220 կՎ <Հաղթանակ>, 110 կՎ <Չարենցավան-3> և <Վանաձոր-1> ենթակայանները /ծրագրի արժեքը՝ 40,0 մլն. ԱՄՆ դոլար/, ինչպես նաև` <Ագարակ-2> և <Շինուհայր> ենթակայանները, կսկսվեն SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները (ծրագրի արժեքը՝ 37,0 մլն. ԱՄՆ դոլար/: Նախատեսվում է նաև Իրան-Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը:
Էներգահամակարգի կարևոր ծրագրերից նախարարն անդրադարձել է ատոմային էներգետիկայի բնագավառում իրականացված աշխատանքներին: Նրա խոսքով` ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով արդեն իսկ վավերացվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերը, որոնց համաձայն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի 270 մլն. ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3 % տոկոսադրույք) և 30 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ 2014թ. սեպտեմբերին տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջազգային աջակցության (Դոնոր երկրների) հերթական հանդիպումը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանու ներքո: Այսօր Ազգային անվտանգության խորհրդի համակարգմամբ և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում մշակվում է <ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած վառելիքի կառավարման ռազմավարություն> փաստաթուղթը:
Երվանդ Զախարյանը կարևորել է նաև նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը և տեղեկացրել, որ շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների՝ այդ թվում նաև Չինաստանի ազգային ատոմային կորպորացիայի հետ: Երվանդ Զախարյանի խոսքով՝ Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ:
Նախարարն անդրադարձել է նաև Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում իրականացվող ծրագրերին ու նշել, որ այս ոլորտում կա մեծ ներուժ, ինչը պետք է նպատակային ու արդյունավետ օգտագործել: Ոլորտի զարգացումը խթանելու նպատակով անցած տարի էներգետիկայի մասին ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց համաձայն վերականգվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման ժամկետը երկարացվել է մինչև 20 տարի (բացառությամբ հիդրոէներգետիկայի/: 2014թ. հունիսին հաստատվել է Հայաստանի մասնակցությունը Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) <Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրին (SREP)>, որի շրջանակներում՝ Համաշխարհային բանկը Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի համար կհատկացնի 8.5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
2015թ. մարտին ստորագրվել է նաև Ներդրման համաձայնագիր, որը թույլ կտա Էներգախնայողության ոլորտում իրականացնել ծրագրեր Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի միջոցներով:
Նախարար Երվանդ Զախարյանը խոսել է նաև էներգահամակարգի ֆինանսական վիճակի մասին: Նրա խոսքով 2014թ. սկզբին պարզ դարձավ, որ համակարգը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում: <Հայաստանի էլեկտրական ցանցեր>-ի կողմից թերվճարումների պայմաններում էապես ծանրացել է համակարգի պետական ընկերությունների ֆինանսական վիճակը: Անհրաժեշտ ծախսերի կատարման նպատակով առևտրային բանկերից ներգրավվել են կարճաժամկետ վարկեր:
Ֆինանսական իրավիճակը հնարավոր սեղմ ժամկետում շտկելու նպատակով արդեն մշակվել է էներգահամակարգի ընկերությունների առողջացման ծրագիր: Դրա համաձայն՝ պետք է հասնել այնպիսի վիճակի, որ ընկերությունների գործունեությունը լինի ինքնածախսածածկ և համակարգից դուրս տրված գումարների վերադարձման միջոցով մարվեն ընկերությունների վարկերը և կրեդիտորական պարտքերը:
Նախարարության կողմից սահմանվել է խիստ հսկողություն՝ ընկերություններում ամենօրյա ծախսերի, գնումների իրականացման գործընթացի նկատմամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է դարձել որոշակի մեղմել ստեղծված վիճակը և չվտանգել ընկերությունների բնականոն գործունեությունը՝ հուսալի և անվտանգ էներգաարտադրությունը:
<Ինտեր ՌԱՕ ԵԷՍ> ԲԲԸ-ի հետ քննարկվել են <Հայաստանի էլեկտրական ցանցեր>-ի ֆինանսական ծանր իրավիճակը բարելավելու, ներդրումների արդյունավետությունը և սպառողներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, էլեկտրաէներգետիկայի հաշվառման համակարգը արդիականացնելու և կորուստները նվազեցնելու հարցերը:
Երվանդ Զախարյանի հրամանով հաստատվել է նաև էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխող էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որի համաձայն կազմված էներգահաշվեկշիռը պարտադիր կդրվի սակագների հաշվարկների հիմքում՝ հետագա շեղումներից խուսափելու և վնասների առաջացում թույլ չտալու համար: Մշակվել է ծրագիր՝ ուղղված ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգետիկայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանը: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ին:
Հիմք ընդունելով այդ միջոցառումները <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ–ն հաստատել է իր 2015-2018թթ էներգիայի տեխնոլոգիական և առևտրային կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Նախատեսված միջոցառումների իրականացումը կապահովի կորուստների կրճատում` նվազագույնը 2 տոկոսով:
Նախորդ աշխատանքային տարվա ընթացքում հաջողությամբ և ժամանակին իրականացված ծրագրերից Երվանդ Զախարյանը նշել է Երևանի ՋԷԿ-ի նոր շոգեգազային էներգաբլոկի կապիտալ նորոգման աշխատանքները, ինչպես նաև ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային նորոգման ու անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքները:
Հաշվի առնելով վերջին տարիներին վառելիքաէներգետիկ շուկայում և էներգահամակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման դինամիկան, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման ընդլայնման միտումները, անհրաժեշտություն էր առաջացել մեկտեղել էներգահամակարգի ռազմավարական նշանակության նախագծերը, որի արդյունքում էլ մշակվել է, <ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. զարգացման ուղիները> փաստաթուղթը, որը կարևոր նշանակություն ունի ոլորտի համար և արդեն իսկ քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ ու շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:
Նախարարի խոսքով նշված բոլոր ծրագրերն ու միջոցառումները նպատակաուղղված են ապահովել Հայաստանի էներգահամակարգի անխափան, անվտանգ ու հուսալի գործունեությունը, ինչպես նաև, պետության կարիքների համար` մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարումը՝ ամենօրյա պայմաններում ու արտակարգ իրավիճակներում: Դրանից բացի Էներգահամակարգի զարգացման ծրագրերը կնպաստեն Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային էներգետիկ համակարգերին և հնարավորություն կտան հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի տարանցման երկիր:
Նախարարը խոսել է նաև <Նաիրիտ>-ի շուրջ ստեղծված վիճակի մասին: Նրա խոսքով 2009թ. մարտից գործարանը չի աշխատել և կուտակել է մեծ պարտքեր, այդ թվում` շուրջ 5,5 մլրդ դրամ գործարանի չաշխատած տարիների համար ավելի քան 2400 աշխատողների (որոնց մի մասը գտնվել են հարկադիր պարապուրդի մեջ) աշխատավարձերը, շուրջ 6 մլրդ դրամ օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարները (հարկային պարտավորություններ, սոց. վճարներ և այլն), իսկ գոյացած պարտքի զգալի մասը Միջպետական բանկինն է: Գործարանի չաշխատած տարիների համար, աշխատակիցների կուտակված աշխատավարձերի մի մասը` ՀՀ կառավարության հանձնարարությամբ, վճարվել է էներգետիկայի բնագավառի ընկերությունների կողմից <Նաիրիտ գործարան> ՓԲԸ-ին տրամադրած փոխառությունների հաշվին: Պարտքի կուտակումը կանխելու նպատակով 2014թ. նոյեմբերից չաշխատող աշխատակիցների 1900-ը կրճատվել է: Մնացել է 480 աշխատող, ովքեր կիրականացնեն գործարանի պահպանությունն ու անվտանգությունը:
Նախարարի խոսքով ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նաիրիտցիների աշխատավարձերի մասնակի վճարման համար ֆինանսական միջոցներ գտնելու, ինչպես նաև գրավադրված գույքը գրավից հանելու ուղղությամբ, որից հետո նախատեսվում է օտարել գործարանի չօգտագործվող սարքավորումները և ստացված միջոցների հաշվին վճարել չվճարված աշխատավարձերը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկ և նրա միջոցներով <Նաիրիտ>-ում իրականացվել է տեխնիկական և ֆինանսական ուսումնասիրություն, որի վերջնական եզրակացությունը և առաջարկությունը կներկայացվի առաջիկա ամսվա ընթացքում:
Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև ընդերքի բնագավառում իրականացված աշխատանքներին: ՀՀ ԷԲՊՆ ընդերքի պետական տեսչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ստուգումներ են իրականացվել 191 տնտեսվարող սուբյեկտների մոտ: Կազմվել են 109 ստուգման ակտեր, որոնք ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարության՝ համապատասխան տարածքային հարկային տեսչություններ:
Տրվել են 96 ծանուցում-հանձնարարականներ: Ստուգումների արդյունքում կազմվել են նաև հայտնաբերված խախտումների վերաբերյալ ակտեր և արձանագրություններ, որոնց հիման վրա 109 ընդերքօգտագործողների նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ և հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել է 10.700.000 ՀՀ դրամ:
Հայտնաբերվել են ապօրինի ընդերքօգտագործման թվով 44 դեպքեր, որոնց վերաբերյալ սահմանված կարգով համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել իրավասու մարմիններին:
Նախարարի խոսքով, չնայած կատարված աշխատանքներին, ոլորտում դեռևս կան թերություններ և բացթողումներ: Այսօր ընդերքն օգտագործվում է ոչ արդյունավետ ու նորմատիվային դաշտի կոպիտ խախտումներով: Բազմաթիվ են դեպքերը, երբ ուսումնասիրման համար տրամադրված տարածքներում կամ աշխատանքներ չեն արվում կամ արվում են չնչին ծավալներով: Ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման խնդիրները քննարկելու նպատակով հանդիպումներ էր կազմակերպվել հանրապետության տարածքում մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրման և արդյունահանման աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ:
Նախարարը նշել է նաև, որ ընդերքի ոլորտում դեռևս լիովին ներդրված չէ Arm WGS-84 միասնական կոորդինատային համակարգը:
Ոլորտում առկա բացթողումներից է նաև ընդերքօգտագործման և օգտակար հանածոների վերամշակման արդյունքում գոյացած բազմաթիվ լցակույտերի և պոչամբարների առկայությունը, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն և դրանց հիմնախնդիրներին անհրաժեշտ է տալ օրենսդրական լուծումներ:
Խնդրի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության, <Քրոնիմետ Մայնինգ> բաժնետիրական ընկերության, <Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ> ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի և <ԱԼՅՈՏԻԳ> ՍՊԸ-ի միջև համատեղ կնքվել է <Մտադրությունների մասին> հուշագիր, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մշակել է ՀՀ օրենքի նախագիծ: Մշակվել և ՀՀ ազգային անվտանգության խորհրդում ստեղծված հանձնաժողովին է ներկայացվել <Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների կառավարման ազգային ռազմավարություն> նախագիծը:
Առկա բացթողումները և օրենսդրական անհամապատասխանությունները շտկելու նպատակով է մշակվել է <Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Համաշխարհային Բանկին` կարծիքի: Նախարարի խոսքով՝ ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը միտված են իրավիճակի շտկմանն ու Հայաստանի ընդերքի արդյունավետ օգտագործմանը: