ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 12-ին հյուրընկալել է KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) ներկայացուցիչներ՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Էվա Վիթին, տարածաշրջանային տնօրեն Դավիթ Բետոլացային, ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերին և այլ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը: Կողմերը կարևորել են ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման առումով:
Կարևորվել է այն հանգամանքը, որ Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում հնարավոր համագործակցության հարցերը: