ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 20-ին խորհրդակցության էր հրավիրել հանրապետության տարածքում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարներին: Հանդիպման նպատակն էր ընդերքը շահագործողների հետ քննարկել պայմանագրային պարտավորությունների կատարման խնդիրներն ու ստեղծված իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցում էին ընդերքօգտագործող 20 ընկերությունների՝ այդ թվում <ԳեոՊրո Մայնինգ Գոլդ > ՍՊԸ-ի, <Դանդի Փրիշս Մետալս Կապան> ՓԲԸ-ի, <Սագամար> ՓԲԸ-ի, <Մեգո Գոլդ> ՍՊԸ-ի, <Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ> ՓԲԸ-ի, <Ագարակի ՊՄԿ> ՓԲԸ-ի, Թեղուտ ՓԲԸ-ի ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Քննարկված խնդիրներից ամենակարևորը, թերևս, ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման, ռոյալթիների վճարման, ֆիզիկական ծավալների ու անհրաժեշտ ներդրումների կատարման հարցերն էին:
Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից վարվող՝ հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում, ներկա դրությամբ հաշվառված է 870 հանքավայր, որոնցից 38-ը մետաղական է:
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, ներկա դրությամբ տրամադրված է 27 մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունք, որոնցից՝ 11-ը ոսկու են, 5-ը՝ ոսկի–բազմամետաղային, 7-ը՝ պղինձ- մոլիբդենային, 2-ը պղնձի, 1-ը մոլիբդենի և 1-ը երկաթի:
-Ընդերքօգտագործման իրավունք ստացած 27 ընկերություններից միայն 10-ն է տնտեսական գործունեություն ծավալել, այն էլ՝ ոչ լիարժեք: Մնացածի դեպքում ոչինչ չի արվում: Չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, չեն կատարվում ներդրումներ և տնտեսությունը մեծապես տուժում է,- ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: -Պետության սպասելիքներն այս ոլորտից շատ են: Փոքր հանրապետություն՝ բավական ռեսուրսներ, բայց արդյունքներն ըստ վիճակագրության փոքր են, -նշել է նախարարը:
Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ցուցանիշները մեղմ ասած գոհացուցիչ չեն թե՛ ռոյալթիների վճարման, թե՛ պայմանագրով նախատեսված ֆիզիկական ծավալների կատարման հարցում:
Ընդերքօգտագործողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, մեկ տարվա ընթացքում կարդյունահանվեր շուրջ 43 մլն. տ հանքաքար:
2014թ-ին արդյունահանվել է մոտ 24 մլն. տ հանքաքար, կամ նախատեսվածի 56%-ը:
2014թ-ին արդյունահանվելիք և արդյունահանված օգտակար հանածոների ապրանքային արտադրանքի ընդհանուր արժեքը հաշվարկվել է 209 885 997,4 հազ.դրամ, որը կազմել է 2013թ-ի ապրանքային արտադրանքի ընդհանուր արժեքի 103,36%-ը:
2014թ-ին ընդերքօգտագործողների կողմից ընդամենը վճարվել է 12 079 194,974 հազ.դրամ ռոյալթի, որը կազմում է 2013թ-ի վճարված ռոյալթիի ընդհանուր գումարի 56,2%-ը:
2015թ-ին մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընդերքօգտագործողների կողմից կանխատեսվում է արդյունահանել ընդհանուրը` 41մլն. 679 հազ.տ հանքաքար և վճարել 17մլրդ. 172 մլն դրամ ռոյալթի:
-Դուք մասնավոր ընկերություններ եք և մեր հարաբերությունները ձեզ հետ կարգավորվում են պայմանագրերով: Մենք ունենք փոխադարձ պարտավորություններ և մեր պահանջը ձեզանից այն է, որ դուք կատարեք Ձեր պայմանագրային պարտավորությունները,- ասել է Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշել է, թե ստեղծված իրավիճակի համար մեղքն ամբողջությամբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի և միջազգային շուկայում գների անկման վրա բարդելն արդարացի չէ, քանի որ շատ խնդիրներ, այդ թվում ֆիզիկական ծավալների թերկատարումը, ներդրումների ապահովումը, հաստատված լեռնահատկացման եզրագծից դուրս աշխատելը, հանքավայրերի ընտրովի մշակման բացառումը հենց ընդրքօգտագործողի խնդիրներն են:
Երվանդ Զախարյանը նշել է, որ նախարարությունը աջակցել և աջակցելու է ընդերքօգտագործողներին, բայց միևնույն ժամանակ իր լիազորությունների շրջանակում պայմանագրային պարտավորությունները չկատարողների հանդեպ կիրառելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթներ: