Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.03.2015

Նախարարը հանդիպել է ընդերքի ոլորտի ներկայացուցիչների հետ

Մարտի 18-ին ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարմանը: Խորհրդակցության հիմնական նպատակն էր ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունների ղեկավարների հետ քննարկել այդ ոլորտում ստեղծված իրավիճակը, ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ թերակատարման պատճառները, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման համար:

Վիճակագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում հաշվառված են՝ 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր:

Ներկա դրությամբ, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրության են տրամադրված 55 երևակումներ:

Ընդերքօգտագործողների կողմից, տրամադրված իրավունքների սահմաններում նախատեսված է իրականացնել երկրաբանական, տոպոգրաֆիական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական հանույթային աշխատանքներ, տարբեր նմուշարկումներ, անալիզներ, փորձնական հանույթներ, ճանապարհների, հորատման հրապարակների շինարարություն և այլ օժանդակ աշխատանքներ: Մոտավոր հաշվարկներով նախատեսված է շուրջ՝ 24 մլրդ դրամի ֆինանսական ներդրումներ, սակայն այս պահի դրությամբ մոտավոր հաշվարկով կատարվել է դրա 10 տոկոսը:

Նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումների համաձայն նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարել և համապատասխան  հաշվետվություններ են ներկայացրել ընդամենը 4 ընկերություն, որից 3-ը՝ պաշարների հաստատմամբ: 21 ընկերություն աշխատանքները մասամբ են կատարել, իսկ 30 ընկերություններ աշխատանքներ չեն կատարել կամ հաշվետվություններ չեն ներկայացրել:

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով` հանքարդյունաբերության ոլորտի այս հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է:

 -Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքերն ու խախտումները բազմաթիվ են: Նման մոտեցումն անթույլատրելի է,- ասել է նախարար Երվանդ Զախարյանը: - Դուք մասնավոր ընկերություններ եք, որոնց հետ ստորագրված են պայմանագրեր և պետության պահանջը մեկն է, որ դուք կատարեք ձեր պայմանագրային պարտավորությունները: Այն ընկերությունները, որոնք պայմանագրային պարտավորությունները չեն կատարում և որոնց  թյուլտվության ժամկետները լրացել են, այսուհետ վերանայման ենթակա չեն լինի, իսկ պայմանագրային պարտավորությունները թերակատարող ընկերությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված գործառույթներ,-ասել է Երվանդ Զախարյանը:

Երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունների գերակշիռ մասը, որոնք ունեն հստակ ձևակերպված պայմանագրային պարտավորություններ աշխատանքների կատարման, ներդրումների ու ժամկետների մասով, խախտում են պայմանգրերը ու հաճախ մատնվում անգործության: Նախարարը նշել է, թե  անթույլատրելի է այն մոտեցումը, որ ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունները տարիներ շարունակ ոչ մի ներդրում ու աշխատանք չեն անում, ավելին թույլ չեն տալիս նաև այլ ներդրողների մուտքը այդ ոլորտ :

-Այդ իրավիճակն անթույլատրելի է թե պետական շահի և թե տնտեսության զարգացման տեսանկյունից,-ասել է Երվանդ Զախարյանը:

Այսուհետ մոտեցումը լինելու է ավելի խիստ: Պայմանագրային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև ընդերքօգտագործման պայմանագրի լուծումը: