ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ, հունվարի 30-ին նախարարությունում հյուրընկալվել էին ,,Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար,, ծրագրի մրցույթում հաղթող վեց կազմակերպությունների ներկայացուցիչները: ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված այդ ծրագրի ընթացքում տարբեր կազմակերպություններ ներկայացրել էին մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարներ, որոնցից ընտրվել էին 6 լավագույնները՝ “Ecotechnology”-ն, “SolVar Systems”-ը , “NanoHi”-ը , “Am-Eska”-ն , “Renewable Energy Research Team”-ը , “Bitlis-Men” -ը:
Այդ ընկերություններն առաջարկել են բիզնես մոտեցումներ՝ էլեկտրաէներգիայի խնայողության, վերականգնվող էներգիայի, թափոններից էլեկտրաէներգիայի ստացման ու ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարման ոլորտներում: Նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հաղթող կազմակերպությունները ներկայացրել են այն բիզնես նախագծերը, որոնց համար ստացել են գրանտներ և պատրաստվում են կյանքի կոչել իրենց առաջարկած տեխնոլոգիաների նախատիպերը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել տեղում ծանոթանալ բոլոր նորարարություններին՝ դրանց նախատիպերի պատրաստ լինելուն պես: Նա կարևորել է նորարար տեխնոլոգիաների կիրառումը էներգետիկ համակարգում՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորությունների շրջանակում առավելագույնս աջակցել տնտեսապես հիմնավորված նորարար բիզնես նախաձեռնություններին: