Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.12.2014

Ընդերքի պետական տեսչությունը ամփոփել է 2014 թվականը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014 թվականին տեսչության կողմից կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ անցող տարվա ընթացքում ստուգումներ են իրականացվել  շուրջ 192 ընդերքօգտագործող ընկերություններում, որից 98-ը՝ հաստատված աշխատանքային ծրագրի, իսկ 20-ը՝ պետական մարմիններից ստացված գրավոր տեղեկատվության համաձայն, 4-ը՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով, 38-ը՝ իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատիրոջ) դիմումի համաձայն, 32-ը՝ ուսումնասիրություններ են, իսկ 29 ստուգում դեռ ընթացքի մեջ է:

    Ստուգումների արդյունքում կազմվել է 102 ակտեր՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ:  Դրանք ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչություններ՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

     Կազմվել է 19 տեղեկանք՝ երկրաբանահետախուզական աշխատանքների առաջնային երկրաբանական և հաշվետվություններում ամփոփված նյութերի հավաստման վերաբերյալ, դրանք ներկայացվել են օգտակար հանածոների պաշարների գործակալություն:  Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները նախագծերին և աշխատանքային ծրագրերին անհամապատասխան իրականացրած 4 ընդերքօգտագործողների նկատմամբ կազմվել են ակտեր և ներկայացվել օգտակար հանածոների պաշարների գործակալություն:

     125 ընդերքօգտագործողների տրվել են ծանուցում-հանձնարարականներ (զգուշացում հանքային իրավունքի դադարեցման մասին)՝ ընդերքօգտագործման ոլորտում հայտնաբերված թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու նպատակով, որից  15 ընդերքօգտագործողներ սահմանված ժամկետներում չեն վերացրել  ծանուցում-հանձնարարականներում նշված թերությունները, ինչի արդյունքում  տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացվել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթաց սկսելու վերաբերյալ:

    Սամվել Մկրտչյանի խոսքով ստուգումների արդյունքում կազմվել են նաև հայտնաբերված խախտումների վերաբերյալ ակտեր և արձանագրություններ, որոնց հիման վրա 66 ընդերքօգտագործողների նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ և հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե  մուտքագրվել է 8.200.000 ՀՀ դրամ գումար:

             Ստուգումների արդյունքում պարզվել է նաև, որ ընդերքօգտագործողների մի մասը չեն պահպանում լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրային որոշ պարտավորություններ, մասնավորապես՝ չեն վարվում ամենօրյա շարժի գրանցամատյաներ, չեն կատարվում մարկշեյդերական չափագրման աշխատանքներ, չեն իրականացվում ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումներ, ընդերքօգտագործման աշխատանքներն իրականացվում են տրամադրված և հաստատված նախագծերին անհամապատասխան, որոշ դեպքերում նաև տրամադրված տարածքներից դուրս: Մի շարք դեպքերում բացակայում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի օրինականությունը հավաստող փաստաթղթերը, այսինքն՝ շահագործումն իրականացվում է առանց հողօգտագործման իրավունքի:

            Ընդերքի պետական տեսչության կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ընդերքօգտագործման 36 դեպք, որոնց վերաբերյալ սահմանված կարգով հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին և ստացվել է համապատասխան տեղեկատվություն, որ փաստերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր և իրականացվում է նախաքննություն:

            Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի՝ ընդերքօգտագործման իրավունքները  չվերաձևակերպած թվով 60 ընդերքօգտագործողների մոտ ընդերքի պետական տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ընդերքօգտագործման 12 դեպքեր, որոնց վերաբերյալ նույնպես հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին:

            -Վերը նշված ապօրինի ընդերքօգտագործման, ինչպես նաև առանց հողօգտագործման իրավունքի ընդերքօգտագործման դեպքերի մասով պետք է արձանագրել, որ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ հողային օրենսգրքով համայնքի վարչական սահմաններում հողամասերն՝ ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը և իրավասու մարմիններին է ներկայացնում համապատասխան հաղորդումներ,-ասել է Սամվել Մկրտչյանը:

    Ընդերքի պետական տեսչության իրականացրած ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու և ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով, ՀՀ վարչապետի որոշմամբ ընդերքի պետական տեսչության հաստիքները ավելացել են 10-ով, տեսչությանը տրամադրել են տրանսպորտային և ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Տեսչության կողմից մշակվել և տեսչական բարեփոխումների խմբին է ներկայացվել առաջարկություններ՝ ընդերքօգտագործման վերաբերյալ մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որը կխթանի տեսչության կողմից իրականացվող գործառույթների թափանցիկությանը:

    Ընդերքի պետական տեսչության կողմից 2015 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել ստուգումներ՝ աշխատանքային ծրագրով 140 և ՀՀ վարչապետի հանձնարարականով 42 ընդերքօգտագործողների մոտ: