Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.01.2015

Երվանդ Զախարյանն ամփոփել է 2014 թվականը

Հունվարի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփել է 2014 թվականին էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքներն ու մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարը ներկայացրել է նաև համակարգի ֆինանասական վիճակի վերլուծությունն ու իրականացվելիք ծրագրերը:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ վերջին տարիներին էներգահամակարգում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ուղղված էլեկտրաէներգիայի արտադրության նոր, ավելի արդյունավետ հզորությունների ստեղծմանը (Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկ), տեղական ռեսուրսների օգտագործմանը (շուրջ՝ 160 փոքր հիդրոէլեկտրակայաններ, հողմակայան), բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացմանը, բարձրավոլտ ենթակայանների վերականգնմանը: Այդ աշխատանքների ֆինանսավորման համար էներգահամակարգի պետական մասնակցությամբ ընկերությունները ներգրավել են երկարաժամկետ բյուջետային վարկեր՝ շուրջ 140,3 մլրդ դրամ: Միաժամանակ, համակարգի պետական ընկերությունները առևտրային բանկերից ներգրավել են 10,8 մլրդ դրամ առևտրային վարկեր, քանի որ  սարքավորումների անվտանգ և հուսալի շահագործման ապահովման համար սակագներում այդ նպատակներով  բավարար միջոցներ նախատեսված չեն: Այսպիսով համակարգի պետական ընկերությունների երկարաժամկետ բյուջետային և առևտրային վարկային պարտավորությունները կազմել են շուրջ՝ 151,1 մլրդ  դրամ:

 Անդրադառնալով 2014 թվականի ընթացքում էներգահամակարգի գործունեության հիմնական ցուցանիշներին, նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ անցած տարվա ընթացքում հարապետությունում արտադրվել է 7750,0 մլն. կվտժ էլեկտրաէներգիա, որը 0,52 տոկոսով ավելի է նախորդ տարվա 7710,0 մլն. կվտ.ժ-ից: Ընդ որում կլիմայի ոչ բարենպաստ փոփոխությունների հետևանքով հիդրոէներգետիկայի մասնաբաժինը շարունակում է նվազել՝ տարեկան էներգահաշվեկշռում:

2014 թվականին էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1305,3մլն. կտվ.ժ, որը հավասար է նախորդ տարվա ցուցանիշներին:

2014 թվականի 11 ամսվա ընթացքում ներքին շուկայում սպառվել է 4915,83մլն.  կվտ.ժ էլեկտրաէներգիա, 2013 թվականի  նույն ժամանակահատվածում՝ 4840,91 մլն. կվտ.ժ  էլեկտրաէներգիա:

Ներքին շուկայում էլեկտրաէներգիայի ծախսը /11 ամսվա ընթացքում/ ըստ հիմնական ոլորտների հետևյալն է`

1.   բնակչություն - 1739,2մլն. կվտժ / 2013 թվականին 1712,0 մլն. կվտ.ժ/

2.   բյուջետային կազմակերպություններ- 289,5 մլն. կվտժ / 2013 թվականին 282,3 մլն. կվտ.ժ/

3.   արդյունաբերություն1133,4 մլն.կվտժ /2013 թվականին 1106,3 մլն կվտ.ժ/

4.   ոռոգման և խմելու ջրերի համակարգ- 241,3 մլն. կՎտժ /2013 թվականին 222,9 մլն կՎտ.ժ/

5. մյուս սպառողներ- 1407,4 մլն. կվտ.ժ  /2013 թվականին 1405,0 մլն. կվտ.ժ/

Էլեկտրաէներգիայի սպառումը աճել է` բնակչության մոտ, բյուջետային կազմակերպություններում, ոռոգման համակարգում, արդյունաբերությունում, այլ սպառողների մոտ, իսկ (ըստ տնտեսությսն ճյուղերի) համամասնությունը 2014թ-ին՝ 2013թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրեթե չի փոխվել:

Փաստացի   կորուստները  բաշխիչ  ցանցում նվազել են և  կազմել  799 մլն.   կվտժ   կամ   14.0 % նախորդ տարվա 14.1 %- ի դիմաց, իսկ <<Բարձրավոլտ      էլ.   ցանցեր >>   ՓԲԸ - ում       տեխնոլոգիական   կորուստները           կազմել  են    126.7    մլն.   կվտժ        կամ    2.03   %:

2014թ. Հայաստան է ներկրվել 2,451 մլրդ. խմ գազ  /ՌԴ-ից՝ 2,062 մլրդ. խմ, իսկ ԻԻՀ-ից՝ 0,389 մլրդ. Խմ/, նախորդ  տարվա  2,361 մլրդ. Խմ-ի դիմաց: Առանձին սպառողների խմբերի մասով գազի սպառման ցուցանիշները հետևյալն են.

1.   էներգետիկա – 594,121 մլն խմ՝ 2013 թվականի 511,091 մլն խմ-ի դիմաց

2.   բնակչություն - 522,227 մլն խմ՝ 2013 թվականի 538,937 մլն խմ-ի դիմաց

3. արդյունաբերություն- 243,113 մլն. խմ՝ 2013 թվականի  268,427 մլն խմ-ի դիմաց

4. բյուջետային կազմակերպություններ – 43,392 մլն. խմ՝ 2013 թվականի 45,433 մլն խմ-ի դիմաց

5. ԱԳԼՃԿ-ներ- 481,777 մլն. խմ 2013 թվականի 454,983 մլն խմ-ի դիմաց:

Անդրադառնալով էներգահամակարգում ստեղծված  ֆինանսական վիճակին՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման հետևանքով ընկերություններում առաջացել են առևտրային կրեդիտորական պարտավորություններ օգտագործված էներգակիրների, ապրանքների և ծառայությունների գծով՝ 23,8 մլրդ դրամի չափով:

Ընկերությունների առկա ֆինանսական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համակարգում կան չլուծված խնդիրներ, որոնց հիմնական պատճառներից նախարարը նշել է մի քանի կարևորները՝ 2012--2014թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված՝ ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմել է  շուրջ 27,6 մլրդ. դրամ: Դա էականորեն ազդել է վերջինիս ֆինանսական վիճակի վրա: Այդ գումարից 3,8 մլրդ. դրամը փոխհատուցվել է, իսկ ընթացիկ մարժային տարում (մինչև 2015թ. օգոստոսը), նախատեսված է փոխհատուցում ևս՝ 9,2 մլրդ. դրամ:  Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով ստեղծված իրավիճակը պայմանավորված է սակագների հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի շեղումներով, ինչպես նաև կառավարման խնդիրներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն արտադրող կայանների նկատմամբ կուտակել է մեծ պարտքեր, միայն պետական մասնակցությամբ ընկերություններին, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, պարտքը կազմել  է 15,8 մլրդ. դրամ, այդ թվում ժամկետանց պարտքը՝ 7,8 մլրդ. դրամ:

Այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պարտավորությունները բանկերի նկատմամբ գերազանցում են 220 մլն. ԱՄՆ դոլարը, իսկ պետական ընկերությունների առևտրային բանկերից ներգրաված վարկերը կազմում են 10,8 մլրդ. դրամ: Ընդ որում, վարկերի սպասարկման հիմնական ծախսերը ներառված չեն սակագներում, ինչն իր հերթին լրացուցիչ բեռ է ընկերությունների համար:

Նախնական տվյալներով, 2014թ. օգոստոսի 1-ից գործող սակագների հիմքում վերցված պլանային էներգահաշվեկշռի շեղումների հետևանքով, մինչև մարժային տարվա ավարտը (2015թ. հուլիսի 31-ը) ընկերությունը չի ստանա 4,2 մլրդ. դրամ:

Երվանդ Զախարյանի խոսքով, հիմնականում գործող սակագները չեն արտացոլում ընկերություններին անհրաժեշտ ծախսերը՝ ուղղված շահագործմանն ու անվտանգություն ապահովող միջոցառումներին: Որոշ ընկերություններում պլանավորվում է ամորտիզացիա և շահույթ, այն դեպքում, երբ մյուս ընկերություններում դրանք չեն նախատեսվում: Արդյունքում մի ընկերությունը աշխատում է վնասով, մյուսը՝ գերշահույթով:

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ անցած տարիների ընթացքում սեփական կարիքների համար ունենալով բավականին մեծ թերֆինանսավորում՝ համակարգից փոխառությունների տեսքով դուրս է փոխանցվել  շուրջ 31,0 մլրդ դրամ՝ «Նաիրիտ Գործարան» և «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ներին՝ աշխատավարձերի վճարման նպատակով:

2013 թվականի արդյունքներով համակարգի պետական ընկերությունների գործունեությունը եղել է վնասաբեր, ընդհանուր վնասը կազմել է 12,1 մլրդ. դրամ:

Երվանդ Զախարյանը նշել է,որ էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման և առողջացման ուղղությամբ իրականացվել  են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես աշխատանքներ են սկսվել էներգահամակարգի ընկերությունների սակագների հիմնավորման ուղղությամբ, չնայած նրա, որ 01.08.2014թ-ից գործողության մեջ դրված նոր սակագներում ներառվել են մի շարք անհրաժեշտ ծախսեր), այնուամենայնիվ, այդ սակագները նույնպես ամբողջությամբ չեն բավարարում ընկերությունների կարիքները: Ուսումնասիրելով այլ երկրների փորձը, աշխատանքներ են տարվել ընկերությունների հետ՝ վերջիններիս անվտանգ և հուսալի շահագործման նպատակով անհրաժեշտ ինքնածախսածածկ սակագների հաշվարկման համար: Արդեն իսկ այդ հաշվարկները ներկայացվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ համատեղ քննարկման և հետագայում դրանց հաշվի առնման համար: Դրանից բացի մշակվել է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, առաքման և սպառման կանխատեսվող հաշվեկշռի կազմման մեթոդիկայի նախագիծ՝ հետագա շեղումներից խուսափելու և վնասների առաջացում թույլ չտալու համար: Նախատեսված միջոցառումների նպատակն է ապահովվել կորուստների կրճատում՝ 2 տարում  նվազագույնը 2 տոկոսով: Հաշվի առնելով բազմաթիվ չլուծված հարցերը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի հետ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով::

Երվանդ Զախարյանի խոսքով՝ մշակվել է էներգահամակարգի առողջացման ծրագիր, համաձայն որի նախատեսվում է ընկերությունները բերել այնպիսի իրավիճակի, երբ նրանց գործունեությունը կլինի ինքնածախսածածկ, համակարգից դուրս տրված գումարների հետ ստացման միջոցով կմարվեն ընկերությունների վարկերը և կրեդիտորական պարտքերը: Արդյունքում կկարգավորվեն ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

Անդրադառնալով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքներին՝  նախարարը նշել է, որ  դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր, որով որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ.  երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի 270 մլն. ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3 % տոկոսադրույք) և 30 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Նախարարը կարևորել է նաև նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի համաձայն  շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2018թ, այնպես որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027թ.:

Երվանդ Զախարյանի խոսքով միջազգային ֆինանասկան կառույցների՝ մասնավորապես ՀԲ-ի, Ասիական զարգացման բանկի, Գերմանական KFW բանկի աջակցությամբ  կիրականացվեն համակարգի համար էական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր՝  կվերակառուցեն 220 կՎ «Հաղթանակ», 110 կՎ «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները /ծրագրի արժեքը՝ 40,0 մլն. ԱՄՆ դոլար/, ինչպես նաև  «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները, կսկսվեն SCADA կառավարման և կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները (ծրագրի արժեքը՝ 37,0 մլն. ԱՄՆ դոլար/: Նախատեսվում է նաև Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը:

2015 թվականի անելիքներից նախարարը առանձնացրել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի ու Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը,  450 ՄՎտ հզորությամբ Երևանի ՋԷԿ-ի Համակցված Շոգեգազային Ցիկլով 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագիրը  /միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ներդրողների հետ այդ հարցի շուրջ բանակցային գործընթացը/, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից տրամադրվելիք դրամաշնորհային միջոցների հաշվին էներգախնայողության ծրագրով նախատեսված միջոցառումները, «Կարկառ» կոչվող երկրաջերմային հարթակում կմեկնարկեն ռեսուրսի քանակական և որակական գնահատումը և էլեկտրաէներգիա արտադրող կայանի կառուցման նպատակահարմարությունը հատկորոշող երկրաբանական հորատման աշխատանքները:

  Նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն անդրադարձել է նաև ընդերքօգտագործման ոլորտին: Նրա խոսքով հանքարդյունաբերության ոլորտում 2014թ-ի   11 ամիսների ընթացքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները` արդյունահանված հանքաքարը  բնեղեն արտահայտությամբ կազմել է 22 մլն տոննա, 2013 թվականի` 25 մլն. տոննայի դիմաց: Ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտում ապրանքային արտադրանքը կազմել է մոտ 186 մլրդ. դրամ,  2013 թվականի՝ 187 մլրդ.-ի դիմաց:

2014թ-ի համար ռոյալթի վճարվել է 21 մլրդ. դրամ, 2013 թվականի 23 մլրդ. դիմաց և բնօգտագործման վճար վճարվել է 1.5 մլրդ դրամ, 2013 թվականի 1.7 մլրդ.-ի դիմաց /ներկայացված թվերը  նախնական են/:

Երվանդ Զախարյանի խոսքով ներկայումս հանրապետությունում գործում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված է 502 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների-28, ոչ մետաղական օգտակար հանածոների- 445, հանքային ջրերի-29:

Երվանդ Զախարյանի խոսքով այսօր հանրապետությունում գործում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված է 502 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների-28, ոչ մետաղական օգտակար հանածոների- 445, հանքային ջրերի-29:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար գործում են տրամադրված է 84 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների երևակումների-62, ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների-22, երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն-3:

Տրված են նաև նավթի և գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական  ուսումնասիրության 3 իրավունք:

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ստացել է 18 հայտ, որոնցից 13 տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ընդերքօգտագործման իրավունք, 3-ը փորձաքննության փուլում են, իսկ 2-ը մերժվել է փաստաթղթերը օրենսդրության պահանջներին համապատասխան չներկայացնելու հիմքով:

Չնայած կատարված աշխատանքներին ոլորտում առկա են նաև մի շարք բացթողումներ: Մինչ օրս ոլորտում ներդրված չէ ArmWGS-84 միասնական կոորդինատային համակարգը: Նախկինում ընդերքօգտագործման թույլտվությունները տրվում էին ինչպես CK-42 կոորդինատային համակարգով, այնպես էլ պայմանական կոորդինատներով, որի արդյունքում, ինչպես ցույց են տվել ստուգումները շահագործվող հանքավայրերում և երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերում աշխատանքներն իրականացվում են տեղադիրքերի խախտումներով:

Ոլորտի բացթողումներց նախարարը նշել է նաև ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ արդյունավետ օգտագործումը, մասնավորապես ձկնաբուծության մեծածավալ և ոչ պլանավորված զարգացումը, ինչը հանգեցրել է, հիմնականում Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա քաղցրահամ ջրերի մակարդակի կտրուկ անկմանը, որի արդյունքում, ինչպես ցույց են տալիս 2014թ. ընթացքում իրականացված մասնագիտական ուսումնասիրություններն ու դիտարկումները, բարձրացել է նշված ջրերի հանքայնացումը: Նախարարի խոսքով լուրջ խնդիր է նաև ընդերքօգտագործման և օգտակար հանածոների վերամշակման արդյունքում գոյացած բազմաթիվ լցակույտերի և պոչամբարների առկայությունը, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն և դրանց տրված չեն համապատասխան գնահատականներ:

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընդերքի պետական տեսչության կողմից շուրջ 177 ընդերքօգտագործող կազմակերպությունների մոտ իրականացվել են ուսումնասիրություններ և ստուգումներ, որոնց արդյունքում կազմվել են փաստացի ծավալների չափաքանակների թվով 108 ստուգման ակտեր, որոնք ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչություններ:

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տրվել են 89 ծանուցում-հանձնարարականներ՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի պահանջների համաձայն թերությունները վերացնելու համար, իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում չեն կատարել հանձնարարականները (15 կազմակերպություն), տեսչության կողմից միջնորդություն է ներկայացվել նախարարին՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթաց սկսելու վերաբերյալ:

Ստուգումների արդյունքում կազմվել են նաև հայտնաբերված խախտումների վերաբերյալ ակտեր և արձանագրություններ, որոնց հիման վրա նշանակվել է վարչական տույժ և պետական բյուջե մուտքագրվել է 10,330 մլն. ՀՀ դրամ գումար:

Հայտնաբերվել են ապօրինի ընդերքօգտագործման թվով 44 դեպքեր, որոնց վերաբերյալ սահմանված կարգով համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել իրավասու մարմիններին: Առկա բացթողումները և օրենսդրական անհամապատասխանությունները շտկելու նպատակով նախատեսվում է իրականացնել օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ: