Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.12.2014

Թեհրանում սկսվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը

  Դեկտեմբերի 15-16-ին Թեհրանում կանցկացվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու համար Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում են նաև   տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

   Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը բացել են  հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:

    ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասել է.

-Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդգրկում են ամենատարբեր բնագավառներ և ունեն զարգացման մեծ ներուժ: Մեզանից յուրաքանչյուրն այդ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև  նոր նախագծերի կազմման գործում ունի պատասխանատվության իր բաժինը և անելիքները: Մեր երկրների Նախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները դեռևս չեն համապատասխանում երկկողմ քաղաքական հարաբերություններին, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա:Երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժի միայն փոքր մասն է օգտագործված, իսկ արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնել մի քանի անգամ,- ասել է Երվանդ Զախարյանը:

    Նրա խոսքով տնտեսության ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար կա իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք: Այսօր պետք է ուշադրություն դարձնել երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերի՝ մասնավորապես Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Իրան-Հայաստան երկաթգծի, Մեղրի ՀԷԿ-ի և այլ խոշոր ծրագրերի իրականացմանը:

    - Կարծում եմ, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառուցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, ինչպես նաև համատեղ ներդրումների խրախուսումը,- ասել է Երվանդ Զախարյանը: -Փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է մեր երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լրացուցիչ լիցք հաղորդել համատեղ նախագծերի իրականացմանը,- վստահեցրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երվանդ Զախարյանը:

 

   Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին կքննարկվեն    տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Աշխատանքային խմբերը երկու օրվա ընթացքում ի մի կբերեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները:

  Նիստի ավարտին կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:

  Տեղեկացնենք նաև, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ: