Նոյեմբերի 27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ,,Նաիրիտ գործարան,, ՓԲԸ-ում հանդիպեց գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ ևս ներկայացնել կառավարության մոտեցումները ,,Նաիրիտում,, ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաև աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:
Նախարարի խոսքով, արդեն տևական ժամանակ ,,Նաիրիտ գործարանում,, առկա է սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Խնդիրները մշտապես հանրապետության նախագահի ու վարչապետի ուշադրության կենտրոնում են:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ ,,Նաիրիտ գործարան,, ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է ,,Գազպրոմ Արմենիա,, ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ընկերությանը:
Նախարարի խոսքով՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են և արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում ,,Նաիրիտի,, պահպանության ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:
,,Նաիրիտ,,-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ: Մինչև 2015թ.-ի փետրվար Երևանի կայցելեն ՀԲ ներկայացուցիչները և ,,Նաիրիտի,, մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, և դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի ,,Նաիրիտ գործարան,, ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ կառավարությունը ,,Նաիրիտում,, ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին:
Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ դեկտեմբերին՝ ևս 1 ամսվա:
-Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը և նախարարությունը պատրաստ են հետևողական լինել: Լինել Ձեր կողքին և համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված,- ,,Նաիրիտի,, աշխատակիցներին ասաց Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշեց նաև, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաև, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը ևս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչև 2մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում: