ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին և Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակին այցելել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և տեղում ծանոթացել համալսարանում ներդրված էներգախնայողության միջոցառումներին, որոնք իրականացվել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից՝ էներգախնայողության ծրագրի շրջանակներում:
Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հյուրերին ներկայացրել է կատարված աշխատանքները և նշել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ էներգաարդյունավետությունն այստեղ հասել է 45.5 %-ի, ինչի շնորհիվ համալսարանը տարեկան կտնտեսի մոտ 14.9 մլն դրամ: Այդ միջոցները կուղղվեն ներդրված գումարների մարմանը:
Նա նշեց նաև, որ ժամանակակից և էներգաարդյունավետ ջեռուցման կաթսաների, պոմպերի և մյուս սարքավորումների տեղակայումը, արտաքին ջերմային ցանցի ջերմամեկուսացումը և մասնաշենքերի էներգաարդյունավետության բարձրացումը համակարգը դարձրել են ավելի ապահով, անվտանգ, կայուն և հեշտ կառավարելի: Բարձրացել է նաև համալսարանի մասնաշենքերի հարմարավետությունը, ինչը դրական է անդրադառնում ուսումնական պրոցեսի վրա:
Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց նաև, որ էներգախնայողության միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել և մինչ այսօր էլ վերահսկվում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից: Թե՛ մրցույթային գործընթացները, թե՛ համապատասխան մասնագիտական առաջադրանքների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, թե՛ շինհավաքակցման աշխատանքների իրականացումը, թե՛ տեխնիկական հսկողությունը, և թե՛ առաջին տարվա շահագործում-պահպանումը համակարգվել ու հսկվում են Հիմնադրամի և նրա մասնագետների կողմից, ինչը ազատում է համալսարանին այդ աշխատանքների համար լրացուցիչ որակավորված անձնակազմ ներգրավելուց և զերծ է պահում համապատասխան ռիսկերից: