Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

11.11.2014

Քննարկվեցին փոքր ՀԷկ-երի հիմնախնդիրները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ  նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցում էին փոքր ՀԷԿ-երի, միջազգային  ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումից առաջ ներկայացվեց փոքր ՀԷԿ-երի զարգացման հայաստանյան փորձը, որը գնահատվում է որպես աննախադեպ: Անցած տասնամյակի ընթացքում հանրապետության տարբեր մարզերում կառուցվել է մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավորի կողմից կառավարվող ավելի քան 150 ՓՀէԿ: 2014 թվականի  հոկտեմբերի 1–ի  դրությամբ՝ հանրապետությունում աշխատել է 162 ՓՀԷԿ,  մոտ՝ 277  Մգվ հզորությամբ: Ըստ տրամադրված լիցենզիաների այսօր  կառուցման փուլում են ևս 65 ՓՀԷԿ-եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ:

Այդ ձեռքբերումների գրավականը եղել է պետության խթանող քաղաքականությունը և ներդրումների համար նպաստավոր միջավայրը, որը ժամանակին ձևավորվել է տարբեր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ և միջազգային դոնոր հանրության աջակցությամբ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքի ու ներդրումների համար:

Նախարարի խոսքով՝ փոքր ՀԷԿ-երի բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած, սակայն դա չի նշանակում, որ չկան մտահոգություններ և խնդիրներ՝ ստացված արդյունքների պահպանման, այս ոլորտի հետագա զարգացման և կայունության ապահովման համար:

-Այսօր առավել քան կարևոր է, որ մեր երկրի սեփական ռեսուրս հանդիսացող հիդրոէներգետիկ ներուժը օգտագործվի լիարժեք՝ առավելագույն արդյունավետությամբ և բնության նկատմամբ նվազագույն ազդեցությամբ տեխնոլոգիաների կիրառմամբ,- ասաց Երվանդ Զախարյանը:  -Ակնհայտ է, որ ՓՀէԿ-երը նպաստել և նպաստում են Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության բարձրացմանը, և հիմա ժամանակն է ևս մեկ անգամ անդրադառնալ ներկա հիմնախնդիրներին և գտնել լավագույն առաջարկներ՝ օրենսդրական և վարչական ընթացակարգերի բարեփոխումների նախաձեռնման և իրագործման համար:

Երվանդ Զախարյանի խոսքով ոլորտի խնդիրներից  ամենաանհանգստացնողը ՓՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի թերարտադրությունն է. այսինքն գործունեության ընթացքում դրանք արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան հաշվարկված ու ծրագրավորված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Այսպես 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում  ՓՀԷԿ-երի կողմից արտադրվել է 80 մլն կվտժ քիչ էլեկտրաէներգիա: 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 31-ը /մարժային տարում/  քիչ է արտադրվել 176 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա վերջը, կանխատեսումների համաձայն, այդ պակասորդը կկազմի 186 մլն կվտժ: Դրա արդյունքում  փոքր ՀԷԿ-երի թերարտադրած էժան էլեկտրաէներգիայի փոխարեն Հայաստանի էլեկտրական ցանցերին է տրվում համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա:  2013 թվականի ընթացքում չարտադրված էլեկտրաէներգիայի և մատակարաված էլեկտրաէներգիայի գումարային տարբերությունը կազմում է 1մլրդ 253 մլն դրամ: 2014 թվականի մարժային տարում /օգոստոսի 1-ից միչև 2015 թվականի հուլիսի 31-ը / սպասվող վնասը կկազմի 3մլրդ 680 մլն դրամ:

-Այդ գումարները ՀԷՑ-ի բալանսում ձևավորվում են որպես վնասներ, ինչը  հետագայում հանձնաժողովը ստիպված նախատեսում է սակագնի մեջ և ավելացնում հասարակության բեռը,- ասաց Երվանդ Զախարյանը:  -Ցանկացած չարտադրված 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար վճարում է հանրությունը՝ սակագնի տեսքով: Ձեր կողմից չարտադրված էլեկտրաէներգիայի ազդեցությունը սակագնի վրա կլինի 0,66 դրամ՝ 1 կվտժ-ի համար: Այս բոլորը կուտակվում է, հետո զարմանում ենք, թե ինչու և ինչպես բարձրացան  սակագները:  Այսօրվա պահանջները բոլորովին այլ են: Մենք խիստ պահանջներ ենք դրել ՀԷՑ-ի առաջ, հանրության պահանջն էլ է նրանցից: Բայց մենք բոլորս այդ հարցում ունենք մեր թերացումները,-ասաց նախարարը:

Համաժողովի շրջանակներում քննարկվեցին նաև ՓՀԷԿ-երի հետագա զարգացման տեսլականը, ՓՀԷԿ-երի զարգացման և գործունեության հեռանկարները՝ 15 տարվա երաշխավորված գնման ժամկետից հետո, ինչպես նաև ՓՀԷԿ-երի տեխնիկական խնդիրների օրենսդրական կարգավորման նորույթները: