Սեպտեմբերի 11-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիին և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Լաուրա Բեյլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, հետագա համագործակցության խնդիրները:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Զախարյանին ներկայացրեցին բանկի կողմից մշակված <Հայաստանի էներգետիկական ոլորտի քաղաքականության վերլուծություն> ծանոթագրությունը, որտեղ ներկայացված են Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և առաջարկություններ` դրանց լուծումների և ոլորտի կառավարման բարեփոխումների ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում փաստաթղթի շուրջ քննարկումներ կազմակերպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:
Նախարար Զախարյանը շնորհավորեց տիկին Լաուրա Բեյլիին նոր պաշտոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:
Բանկի ներկայացուցիչները ևս բարձր գնահատեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: