ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովի մասնակիցներին: Նախարարը նշել է.
- Մենք չափազանց կարևորում ենք ընտրված ձևաչափը` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ-ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման և իրականացման գործընթացների կազմակերպման նպատակով: Մասնակից բոլոր երկրները` ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, Չեխիա, Սլովակիա մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում: Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռևս անելիքներ կան: Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ-ին և մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձևաչափով շարունակական դարձնելու համար, մինչև 2026թ.–ի բլոկի կանգառը:
Երվանդ Զախարյանի խոսքով` 2013թ.-ին, երբ ակնհայտ դարձավ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում իրականացնել նոր էնեգաբլոկի կառուցման ծրագիրը, որոշում ընդունվեց գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել 10 տարով: ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին հավանություն է տվել «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին»:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՌԴ <Ռոսատոմ> կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառել անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
-Օգտվելով ընձեռված հնարավորությունից, մեկ անգամ ևս իմ խնդրանքն եմ ուղղում մասնակից դոնոր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին` մինչև էներգաբլոկի կանգառը հետամուտ լինել այս ձևաչափի շրջանակներում դեռևս չիրականացված մյուս միջոցառումների իրականացմանը,- ասել է Երվանդ Զախարյանը:
ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԱԷՄԳ ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը:
-Տպավորված եմ այն ներկայացուցչական կազմով, որ մասնակցում են այս համաժողովին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մասնակից բոլոր պետութուններին` օժանդակության համար:
Նախորդ համաժողովի ժամանակ ընդգծվեց այն փաստը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող խորհրդակցությունները լավ գործիք են անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների համակարգման և ճշգրիտ տեղեկատվության տարածման համար:
Հայաստանի ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ: Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունը»,- ասել է Լիպարը:
ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված VI տեխնիկական այս խորհրդակցություններն իրականացվում են ԱԷՄԳ-ի համակարգմամբ՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:
Առաջին խորհրդակցությունը կայացել է ք. Վիեննայում՝ 2005թ. դեկտեմբերին, իսկ V խորհրդակցությունը` Հայաստանում 2011թ. հոկտեմբերին:
Վերջին խորհրդակցությունից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԷԿ-ը շարունակել է անվտանգության բարձրացմանն ուղղված պլանաչափ աշխատանքների կատարումը, որոնց ընթացքում ներդրվել են 14 մեծածավալ միջոցառումներ:
Դրանցից կարևորագույններն են՝
1. ԱԷՄԳ ծրագրի շրջանակներում ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի բլոկի անվտանգության հետ կապված համակարգերի և սարքավորումների սեյսմիկ ատեստավորումը;
2. Միջուկային վառելիքի վերաբեռնավորման մեքենայի արդիականացումը;
3. Կառավարման վահանակի տարածքի բնակելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախագծի ներդրումը;
4. Վթարային կանգի վահանակի (ΠΑΟ) և հետվթարային մոնիտորինգի համակարգի (СΠΜ) տեղադրումը;
5. Բոհունիցեի ԱԷԿ-ից ապամոնտաժված լիամասշտաբ վարժասարքի մոնտաժումը:
V կոորդինացիոն խորհրդակցությունից հետո ընկած ժամանակահատվածում թիվ 2 էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության վերագնահատման ծրագրի շրջանակներում իրականացվել է 2 նախագիծ:
2013թ. ապրիլից կազմակերպվել է ԱԷՄԳ առաքելություն` ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման անվտանգ երկարացման հնարավորության գնահատականի վերաբերյալ: