Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.06.2014

Նորոգման աշխատանքներն ընթանում են ժամանկացույցի համաձայն

Հունիսի 20-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Երևանի ՋԷԿ ՓԲԸ և տեղում ծանոթացել համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի C1 Ինսպեկցիայի /կապիտալ նորոգման/ աշխատանքներին: Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկի նորմատիվային հիմնանորոգման աշխատանքները սկսվել են հունիսի 3-ին և  կտևեն են մինչև հուլիսի 29-ը:

 

Երևանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը նախարարին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքները ընթանում են շուրջօրյա /24 ժամյա/ գրաֆիկով՝ ժամանակացույցին համապատասխան: Նա բացառել է աշխատանքների ձգձգման հնարավորությունը.

 

- Երևանի ՋԷԿ-ի ՀՇԳՑ էներգաբլոկի նշանակությունը մեր հանրապետության էներգահամակրգի հաշվեկշռում շատ մեծ է: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը բավականին ցածր է մյուս ջերմաէլկտրակայաններում արտադրվածից: Ուստի մենք պետք է անենք ամեն ինչ, որ բացառենք ժամանակցույցից որևէ ուշացում. ավելին փորձելու ենք, մի քանի օր շուտ միանալ էներգաարտադրության ցանցին,-ասել է Հովակիմ Հովհաննիսյանը

jek_small22

 

Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվել են Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Բանկի կողմից և տևել են 22 ամիս: 2010թ. ապրիլի 21-ից մինչև 2014թ. հունիսի 3-ը էներգաբլոկը աշխատել է շարունակական բեռի գրաֆիկով և ՀՀ էներգահամակարգ է առաքվել մոտ 6,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Վերոհիշյալ ժամանակահատվածում իր բարձր արդյունավետության շնորհիվ (մոտ 50% ՕԳԳ), էներգաբլոկը նպաստել է հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների աճի զսպմանը` բնական գազի սակագնի աճի պայմաններում:

 

Ինչպես նախկին ԽՍՀՄ արտադրության, այնպես էլ ժամանակակից արտադրության ցանկացած էլեկտրակայաններ ունեն իրենց կապիտալ նորոգման նորմատիվային ժամկետները, որոնց կատարումը պարտադիր է սարքավորումների հետագա հուսալի շահագործման տեսանկյունից:

 

Ինչ վերաբերում է Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկին, ապա այնտեղ տեղադրված է թույլատրելի նորմատիվային շահագործման ժամկետը հաշվարկող էլեկտրոնային հաշվիչ, որը արձանագրում է էներգաբլոկի փաստացի շահագործման ժամանակամիջոցը: Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի` արտադրողների կողմից սահմանված նորմատիվային շահագործման ժամկետը 36 000 պայմանական ժամ է, իսկ էներգաբլոկը 2010թ. ապրիլի 21-ից մինչև 2014թ. հունիսի 3-ը արդեն աշխատել է 39 000 պայմանական ժամից ավելի: Փաստացի աշխատանքի պայմանական ժամերի հետագա գերազանցումը խիստ վտանգավոր է, կարող է հանգեցնել սարքավորումների լուրջ և անդառնալի վնասվածքների, որոնց վերականգնումը կապիտալ նորոգման ծախսերի համեմատ տասնապատիկ ավելի կարող է լինել: Բացի այդ, փաստացի նորմատիվային շահագործման ժամկետի գերազանցումը կհանգեցնի արտադրողների կողմից երաշխիքների վերացմանը:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն ծանոթացել է կատարված աշխատանքներին.

 

-Երևանի  համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը 242 մեգավատ հզորությամբ կայան է, որն անցած 4 տարիների ընթացքում աշխատել է  ամբողջ հզորությամբ  և էներգահամակարգ է առաքել մոտ 6,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Դրա մի մասը սպառվել է ներքին շուկայում, իսկ մյուս մասը` առաքվել է Իրան՝ ,,գազ էլեկտրաէներգիայի դիմաց,, ծրագրի շրջանակում,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով Երևանի ՋԷԿ-ում ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ կլինի նմանատիպ նոր էներգաբլոկ կառուցել:

 

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ էներգահամակարգի կայուն աշխատանքի, բնակչությանն անխափան ու հուսալի ծառայություն մատուցելու հիմնական երաշխիքը՝ էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի շարունակականությունն է: