Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.05.2014

Նախարարն այցելել է Երևանի ջերմաէլեկտրակայան

Նախարարն այցելել է Երևանի ջերմաէլեկտրակայան

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր այցելել է <Երևանի ՋԷԿ> ՓԲԸ: Նախարարը ծանոթացել ու զրուցել է  ընկերության աշխատակիցների հետ և շրջայց է կատարել ջերմաէլեկտրակայանի տարածքում:


Երվանդ Զախարյանը նախ շրջել է <Երևանի ՋԷԿ>  ՓԲԸ-ի  հին  էներգաբլոկի տարածքում, ծանոթացել այսօր չգործող կայանի տեխնիկական վիճակին: Ջերմաէլեկտրակայանի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը Երվանդ Զախարյանին ներկայացրել է հին կայանի տեխնիկատնտեսական հնարավորությունները, այն կոնսերվացված վիճակում պահպանելու և հետագայում ջուր-ածխային վառելիքի հենքի վրա գործարկելու նպատակահարմարությունը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մանրամասն ծանոթացել է նաև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի գործունեությանն ու տեխնիկական վիճակին: Ջերմաէլեկտրակայնի տնօրենը տեղեկացրել է, որ  <Երևանի ՀՇԳՑԷ> շահագործման է հանձնվել 2010 թվականին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած վարկային ծրագրով: Էլեկտրակայանի դրվածքային էլեկտրական հզորությունը-242 ՄՎտ է. իսկ ջերմային հզորությունը` 434,9 ԳՋ/ժ է: Հայաստանում գործող ջերմաէլեկտրակայանների համեմատ նոր էլեկտրակայանը մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է  2,0-2,3 անգամ պակաս վառելիք (բնական գազ):Նույն դրվածքային հզորությունների դեպքում գործող էլեկտրակայանների համեմատ, նոր էլեկտրակայանը ունի ավելի ցածր արտանետումներ: Երևանի ՀՇԳՑԷ-ի գազատուրբինը և օժանդակ սարքավորումները Alstom ընկերության արտադրության են, իսկ շոգետուրբինն ու օժանդակ սարքավորումները` Fuji ընկերության արտադրության:

Երևանի  ջերմաէլեկտրակայանի տնօրենի հավաստմամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի գործարկման շնորհիվ բարձրացել է էներգահամակարգի հուսալիությունը, օպտիմալացվել են էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, որի շնորհիվ կրճատվել են  էլեկտրական էներգիայի կորուստները` էլեկտրական ցանցերում:

Հովակիմ Հովհաննիսյանը նախարարին տեղեկացրեց նաև, որ այս տարի նախատեսված է իրականացնել Երևանի ՀՇԳՑԷ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Նա նախարարին ծանոթացրել է նաև ջերմաէլեկտրակայանի տարածքում  համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ կայանի կառուցման ծրագրի մանրամասներին: