Մարտի 31-ին, ժամը 14 անց 30 րոպեի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում վերականգնված է էներգամատակարարումը։
Մարտի 30-ին տեղացած առատ ձյան ու քամու պատճառով, մարզերում՝ հատկապես Գեղարքունիքում, Տավուշում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց Ձորում ու Արմավիրում հոսանքազրկվել էին 230 բնակավայրեր։ Մասնագետների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ սոցիալական օբյեկտների ու բնակավայրերի էներգամատակարարումը վերականգնվեց հնարավորին սեղմ ժամանակահատվածում։