Նախագահն այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, մասնավորապես ատոմային էներգետիկայի վարչությունում, ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչությունում, ինչպես նաև արտաքին կապերի և զարգացման վարչություններում: Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է էներգետիկայի և բնական պաշարների գերատեսչության աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ խոսել է իրականացվող ծրագրերի ընթացքի ու խնդիրների մասին։
Շրջայցից հետո Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: էներգետիկայի և բնական պաշարներ նախարար Արմեն Մովսիսիյանը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, ներկայացրել են էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում կատարված աշխատանքներն ու իրականացվող ծրագրերը, խոչընդոտներն ու դրանց լուծման համար իրականացվող քայլերն ու առաջիկա ծրագրեր:
Նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում 2011-2013 թ.թ. իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշներն ու զարգացման ռազմավարությունը:
Նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը զեկուցել է էլեկտրաէներգետիկայի, բնական գազի և ընդերքարդյունահանման ոլորտներում արտադրված ապրանքի և վճարված հարկերի ցուցանիշները: Ներկայացրել է Մաքսային Միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրով նախատեսված էներգետիկայի ոլորտին վերաբերվող աշխատանքների կատարման ընթացքը, ինչպես նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» Համատեղ Ձեռնարկությունում ընթացող աշխատանքների արդյունքները:
Նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը զեկուցել է Էներգահամակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքներն ու ընթացքը:
Նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ատոմային էներգետիկայի, այդ թվում Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության ապահովման և շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերը, տարածաշրջանային ինտեգրման և միջազգային համագործակցության հարցերը, միջազգային պայմանագրերի, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունում:
Նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը ներկայացրել է էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և գազամատակարարման ոլորտների շահագործման, անվտանգության, հուսալիության ու ռեժիմների օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը Նախագահին ներկայացրեց 2011-2013 թվականների հիմնական ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների արդյունքները: