Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.01.2014

Ստորագրվեց Որոտան ՀԷԿ-երի գույքի առուվաճառքի պայմանագիրը

Ստորագրվեց Որոտան ՀԷԿ-երի գույքի առուվաճառքի պայմանագիրը

 

Հունվարի 29-ին, ՀՀ կառավարությունում, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան <Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ> ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, <Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի  տնօրեն Սասուն Խաչատրյանը ստորագրել են <Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր>-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը`  180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Պայմանագրի համաձայն <Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ> ընկերությունը, առաջիկա 6 տարիների ընթացքում, <Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր>-ի արդիականացման և վերանորոգման համար պետք է ներդնի շուրջ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը նախապես կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Հանձնաժողովը հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը:

Պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ  <Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը> պետք է շահագործի այնպիսի ընկերություն, որը հիդրոէներգետիկ ոլորտում աշխատելու բավարար փորձ ունի:

- <Որոտանի> ՀԷԿ-երի համալիրը մոտ 40 տարվա պատմություն ունի, ինչը նման կայանների համար բավական մեծ տարիք է: Կայանը արդիականացնելն ու վերազինելն ուղղակի անհրաժեշտություն էր դարձել, իսկ դա նշանակում է բավական մեծ ներդրումներ կատարել,- ասել է Ա.Մովսիսյանը: - <Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ> ընկերությունը հենց այն ընկերությունն է, որն ունի և' բավարար փորձ, և' ֆինանսական հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են ներդրումներ կատարելու և կայանը ժամանակակից  տնտեսական և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանեցնելու համար:

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:
Տեղեկացնենք, որ «Քոնթուր գլոբալ» ընկերությունը տեղակայված է Նյու-Յորքում,  ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանի <Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի> ձեռքբերումը` «Քոնթուր գլոբալ» ընկերության ամենախոշոր գործարքներից մեկն է Եվրոպայի տարածաշրջանում: