Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

08.11.2012

Մեկնարկեց Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը

Մեկնարկեց Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը

 


Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզում` Մեղրիում, տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:  Միջոցառմանը մասնակցելու համար Սյունիք էր ժամանել նաև ԻԻՀ ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:
Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը բացեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարն ասաց.
- Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրների տնտեսությունների զարգացման համար ապահովել հիմնարար կարևորություն ունեցող էլեկտրաէներգիայի լրացուցիչ քանակություն:
Այն կխթանի ինչպես մեր երկրների մարզային տնտեսությունների զարգացումը, այնպես էլ լրացուցիչ լիցք կհաղորդի երկու երկրների մակարդակով իրականացվող տարբեր տնտեսական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Մեղրի ՀԷԿ-ի կառուցման և շահագործման ընթացքում, ըստ պայմանագրի, ներդրող ընկերությունը պետք է հնարավորինս ներգրավի տեղական աշխատուժը:
Դրանից բացի, ծրագրերի իրականացման բոլոր փուլերում պետք է պահպանվեն բնապահպանական միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշները:
Ինչպես գիտեք, Մեղրի ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կկազմի մոտ 130 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ շուրջ 800 մլն. կՎտժ:
Այդ նպատակով՝ հայ-իրանական սահմանի երկայնքով Ծիրանի ձոր կոչվող տեղամասից կկառուցվի շուրջ 18կմ երկարությամբ և 8,5մ տրամագծով ճնշումային թունել, ջրի հաշվարկային ծավալը կկազմի 160խմ/վրկ., իսկ հաշվարկային ճնշումը՝   90 մ:
Դրանից բացի, կկառուցվի նաև Մեղրի ՀԷԿ-ի շենքը, որում կտեղադրվեն յուրաքանչյուրը 63,5 ՄՎտ հզորությամբ երկու հիդրոագրեգատներ և այլ սարքավորումներ:

Նախարար Արմեն Մովսիսյանն ասաց նաև, որ անելիքներ դեռ շատ կան: Նա նշեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցության շրջանակում իրենց իրագործմանն են սպասում Իրան-Հայաստան նավթամթերատարի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերը, որոնց իրագործումը մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը կբարձրացնի որակական նոր աստիճանի:

Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանը առանձնահատուկ դիրք և տեղ ունի Իրանի արտաքին հարաբերություններում, հաշվի առնելով մեր մշակութային առանձնահատկությունները և երկու երկրների ղեկավարների շփումներն ու համագործակցությունը:

Անդրադառնալով հայ-իրանական էներգետիկ համագործակցությանը՝ նա մասնավորապես ասաց.
-Իրանը մեծապես կարևորում է ջրի դիվանագիտությունը: Աշխարհի բնակչության 40 տոկոսն ապրում է այնպիսի շրջաններում, որտեղ գետերը հոսում են տարբեր երկրների սահմանագծերով: Ջուրը Իրանի ժողովուրդների համար եղել է կապող օղակ, և Իրանի կառավարությունը հիդրոէներգետիկայի ոլորտում պատրաստակամ է հաշվի առնելու Հայաստանի ցանկացած առաջարկություն՝ համագործակցության առումով:

Նախարարը նշել է, որ Իրանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ջրամբարների կառուցման ոլորտում: Նա նաև նշել է, որ շինհրապարակի ստեղծումը, սարքավորումների մատակարարումը և նախագծային աշխատանքները կմեկնարկեն հիմնարկեքից անմիջապես հետո:

ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրվել են  դեռևս 2007թ. և 2008թ., որոնք վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ էներգետիկայի նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ-Ղոդս» խորհրդատվական ընկերությունը` Իրանի ջրային և էներգետիկ զարգացման ընկերության պատվերով: ՏՏՀ-ի մշակման աշխատանքները համակարգվել և վերահսկվել են հայ-իրանական Համատեղ տեխնիկական կոմիտեի կողմից: Ըստ ՏՏՀ-ի` Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում` Մեղրի ՀԷԿ-ը, իրանական կողմում` Ղարաչիլար ՀԷԿ-ը:

2009թ. ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամակնակահատվածում իրանական ներդրողից գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտարէներգիայի ամբողջ ծավալը:

2010 թվականի հոկտեմբերի 15-ին, Երևանում, ՀՀ կառավարության և իրանական ներդրող <Թավան ԱբԱրազ> ընկերության միջև ստորագրվել է Մեղրի ՀԷԿ-ի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման Թույլտվության պայմանագիրը: Ներդրումային այս ծրագիրը Հայաստանում իրականացվող նմանատիպ առաջին ծրագիրն է: Ըստ Թույտվության պայմանագրի` իրանական ներդրող ընկերությունն ինքնուրույն է լուծելու Մեղրի ՀԷԿ-ի կառուցման և շահագործման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման  և կազմակերպական բոլոր հարցերը:

Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտաէներգիան պետք է տեղափոխվի Իրան` ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով:

Շահագործման 15-րդ տարվա ավարտին  Մեղրի  ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 10 տարվա ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները` առնվազն 30 տարվա ռեսուրս:         Մեղրի ՀԷԿ-ի շինարարության տարբեր փուլերում ընդհանուր առմամբ ներգրավված են լինելու շուրջ 2 հազար մասնագետներ և բանվորներ: Իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` ինչպես ՀԷԿ-ի շինարարության, այնպես էլ` շահագործման ընթացքում, ներդրող ընկերությունը պետք է հնարավորինս ներգրավի տեղական աշխատուժը:

ՏՏՀ-ի համաձայն` Մեղրի ՀԷԿ-ի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները հետևյալն են.

Բնութագիր

Ցուցանիշ

Ջրի հաշվարկային ելքը

160 մ3

Հաշվարկային հզորությունը

130 (2x65) ՄՎտ

Էլեկտրական էներգիայի արտադրանքը

793 մլն.կՎտժ/տարի

Դերիվացիայի (թունելի) երկարությունը

18200 մ

Թունելի ներքին տրամագիծը

8.5 մ

Հաշվարկային ճնշումը

90