Երևանում տեղի ունեցավ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը
2012թ. սեպտեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստը բացեցին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրների նախարարությունների և այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք: Հանձնաժողովի չորրորդ նիստի օրակարգում ընդգրկված էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև ստանդարտացման և պետական վերահսկողության, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում, կրթության և գիտության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցերը: Քննարկվեցին մասնավորապես՝ թուրքմենական բամբակյա թելերը, տեքստիլ արտադրանքը Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի` բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջատար փորձը` Թուրքմենստանում կիրառելու հնարավորությունները:
Նիստի ավարտին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրությունը:
Կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի հինգերորդ նիստն անցկացնել Աշգաբադում` 2013թ.-ին: