ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելեց նաև ՀԱԷԿ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունեց ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ԱԷՄԳ միջև համագործակցության հարցերը: Մասնավորապես՝
քննարկվեցին հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին` տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները:
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերում աշխատանքների իրականացման, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լիցենզավորման համար պատրաստված փաստաթղթերի գրախոսման, կադրերի վերապատրաստման հարցերը:
ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարողությունների ուժեղացման, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերի լիցենզավորման աշխատանքներին` տեխնիկական աջակցման հարցերը:
Քննարկվեցին նաև ՀՀ-ում ճառագայթային թերապիայի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերը:
ԱԷՄԳ պատվիրակությունն այցելեց նաև Հայկական ատոմային էլեկտրակայան և շրջայց կատարեց ԱԷկ-ի գործող էներգաբլոկում: ԱԷՄԳ պատվիրակությանը ներկայացվեցին հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով ներդրված միջոցառումները և կատարվելիք աշխատանքները:
Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին դարձել է ԱԷՄԳ-ի լիիրավ անդամ և մինչ օրս ԱԷՄԳ - ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում և ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները: