Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.03.2012

«Կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագիր»

Երևանում ստորագրվեց «Կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագիր» փոխըմբռնման հուշագիրը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի գծով գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպը  և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ստորագրեցին «Հայաստանում կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագրի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Այս նախաձեռնության նպատակն է օգնել Հայաստանին նվազեցնելու երկրի տնտեսության էներգատարողության մակարդակը և սատարել էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների իրականացմանը տնտեսության տարբեր հատվածներում.

օրինակ՝ էլեկտրականության և էներգիայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, համայնքային և բնապահպանական ենթակառուցվածքների, անշարժ գույքի, ինչպես նաև բնակարանային ոլորտներում:

«Կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագիրը», որը մշակվել է  Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՎԶԵԲ-ի հետ համատեղ, կարևոր քայլ է սատարելու Հայաստանի էներգետիկ հատվածի հետագա զարգացմանը և ապահովելու կայուն էներգիայի աղբյուրներից էներգիայի երկարաժամկետ մատակարարումը:

Հատուկ ուշադրություն կդարձվի արդյունաբերական և բնակարանային ոլորտներում էներգաարդյունավետության մակարդակի բարձրացմանը, ինչը կօգնի հայաստանյան ընկերություններին և տնային տնտեսություններին նվազեցնել էներգիայի սպառումն ու ծախսերը:Այս նախաձեռնությունը կարող է նաև աջակցել Հայաստանին` ՀԷԿ-երի զարգացման իր մեծ ներուժը օգտագործելու առումով:

«Հայաստանում «Կայուն էներգիայի ոլորտին ուղղված գործողությունների ծրագիրը» կօժանդակի Հայաստանի կառավարությանը՝  մշակելու էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար անհրաժեշտ օրենսդրությունը, զարգացնելու ֆինանսավորման նախաձեռնություններ, աջակցելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում ներդրումներին և հնարավոր կարբոն ֆինանսավորմանը», - ասել է Օլիվյե դե Կամպը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենամեծ ներդրողներից է: 1992թ. այստեղ՝ իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ն ավելի քան 516 մլն եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ և ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող 106 ծրագրերում: