Տեղի ունեցավ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը
Դեկտեմբերի 6-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը(Գերմանիա), ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և այլ պաշտոնյաներ:
Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 1996թ. հուլիսի 13-ի հրամանագրով:
Նախագահին կից անկախ խորհրդակցական այս կառույցը ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործումն ապահովելու անհրաժշտությունից: Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և մասնագետներից:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի խոսքով Հայկական ատոմակայանի անվտանգությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա:
«Ես բազմաթիվ տարիներ աշխատել եմ ատոմակայանների անվտանգության տարբեր մարմիններում, բայց Հայաստանը միակ երկիրն է, որտեղ երկրի նախագահը մասնակցում է անվտանգության քննարկումներին, լավ իրազեկված է ատոմակայանի անվտանգությունից»,- նիստի ավարտից հետո ասաց գերմանացի մասնագետը:
Ադոլֆ Բիրկհոֆերի կարծիքով, եթե ատոմակայանում աշխատում են բարձրակարգ ինժեներներ, և լավ հիմքի վրա է դրված կառավարումն ու վերահսկումը, ապա այդ ատոմակայանն անվտանգ է և հուսալի: Հայաստանի ատոմակայանը, նրա խոսքով, բավարարում է այդ պահանջներին: